Մամուլ

Եթե հաստատվի, որ դա իսկապես այն է, ինչի մասին խոսում են, իհարկե, փոշու կտոր էլ չի կարելի վրայից պոկել ու տալ ուրիշին. Ռուբեն Բաբայան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ռուս եկեղեցու պետի խնդրանքով՝ Սուրբ Գեղարդից մի փոքրիկ հատված տվել է նրանց։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասել է․ «Եթե մենք դա իսկապես ընկալում ենք՝ որպես թանգարանային նմուշ, դա դեռ հաստատել է պետք, որովհետև, մեր մեջ ասած, ոչ մի փորձաքննություն չի եղել, այդպես դրվել է, այդպես գնում է այդ լեգենդը։ Եթե դա թանգարանային նմուշ է, եթե նա իսկապես համապատասխանում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են, ապա ոչ թե մի փոքրիկ կտոր, մի փոշի էլ չի կարելի վրայից պոկել, տանել։ Ընդունվա՞ծ է դա եկեղեցիների մեջ, ընդունված չէ՞, դա ուրիշ հարց է։

Բայց ես կարծում եմ՝ այս ամենը մի քիչ ավելի շատ առասպելի  հիմնավորում ունի, ինչպես շատ եկեղեցիներում պահվող մասունքները, ու դրա համար էլ եկեղեցիներն այդպես հեշտությամբ փոխանակում են իրար հետ այդ ամեն ինչը, և պետությունները չեն խառնվում՝ հասկանալով, որ իրականում մշակութային, թանգարանային որևէ վնաս չեն կրում այդ իրերը։ Կարծում եմ՝ այս հարցը եթե շատ խորանա, ստիպված կլինենք փորձաքննության դիմել, և չգիտեմ՝ դեռ ինչ կպարզվի»։

Հարցին՝ կարծում եք՝ հնարավո՞ր է՝ փորձաքննության արդյունքում հասկանալ՝ դա իսկապե՞ս այն է, ինչ ներկայացվում է՝ Ռ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Ժամկետը, կարծում եմ՝ կարելի կլինի պարզել, բոլոր դեպքերում դա երկաթ է, կարելի է պարզել՝ դա 1000, 1500, թե՞ 2000  տարվա պատմություն ունի, ինչքանո՞վ է դա կապված այդ իրադարձությունների հետ, դա լուրջ գիտական ուսումնասիրությունների հարց է։ Վերջիվերջո, մենք պետք է փորձենք մի քիչ իրարից տարբերակել գիտությունը և հավատը։

Այն պատմությունը, որ այսօր կա, հիմնված է զուտ հավատի վրա, որ դա այդպես է եղել, բայց եթե գիտականորեն հաստատվի, որ դա իսկապես այն է, ինչի մասին խոսում են, իհարկե, փոշու կտոր էլ չի կարելի վրայից պոկել ու տալ ուրիշին։ Ցավոք սրտի, մենք նման դեպքեր ունեցել ենք. Եկատերինա 2-րդի արձանը, որը հայերը փրկեցին, ու որը տեղադրված էր մեզ մոտ Պետական պատկերասրահում, Հանրապետության այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը նվեր տվեց ՌԴ-ի քաղաքապետին։ Սա մի քիչ ավելի խորը խոսակցություն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր երկրին, այս երկրի վրա գտնվող ամեն ինչին, սա մեր երկի՞րն է, թե՞ սա պարզապես ինչ-որ տարածք է, այն ամենը, ինչ կա մեր երկրում, ժողովրդի սեփականությունն է, որը չի կարելի օտարել։

Սա մի շղթա է, ամեն մի չինովնիկ, անկախ նրանից՝ նա հոգևորակա՞ն է, թե՞ ոչ, այն, ինչ ժամանակին հայտնվում է իր տիրույթում, սկսում է ընկալել՝ որպես իր սեփականություն։ Կուզենան՝ նվեր կտան, կուզենան՝ էժան կվաճառեն ինչ-որ մեկին, կուզենան՝ բիզնես կանեն։ Այն, ինչ քեզ ժամանակավորապես տրված է, որ դու պահպանես ու փոխանցես հաջորդին, դա քոնը չէ, քեզ միայն տրված է հնարավորություն, իրավունք՝ այդ ամեն ինչը պահպանելու, ուրիշ ոչ մի բան»։

Աղբյուր` 168.am

Կիսվել էջում