Շոու-բիզնես

«Եթե ամուսնուս ծնողների հետ չապրեի, երեխաներս կտուժեին». Սիրանուշ Լազյան

«Եթե ամուսնուս ծնողների հետ չապրեի, երեխաներս կտուժեին». Սիրանուշ Լազյան

Tert.am Life-ը գրում է․ Դերասան-ամուսիններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանի ընտանիքը շուրջ 15 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Սիրանուշը պատմել է համատեղ կյանքի, ընկերներ լինելու, խնդիրները հաղթահարելու, ամուսնու ծնողների հետ ապրելու և երեխաների մասին:

Դերասանուհու խոսքով՝ այսքան տարիներ ընտանիքը պահելը բարդ է: «Ամուսնությունից 3-4 տարի հետ ամուսնությունը վերածվում է ընկերության, ես ու Սամվելը չափից ավելի ընկերներ ենք, տարիներ շարունակ միասին ենք եղել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Մեր ամուսնության հիմքը, ի սկզբանե, ընկերությունն է եղել, չգիտեմ՝ դա խանգարո՞ւմ է, թե՞ ամրացնում մեր հարաբերությունները, սերը:

Հիմա իմ ու Սամվելի աշխատավայրերը տարբեր են և ինձ համար այդ փաստը դժվար էր հաղթահարել, որովհետև սովորել էի օրս անցկացնել նրա հետ: Մի փոքր դժվար է, որ այդ թիկունքն աշխատավայրում չունեմ, բայց հաղթահարեցի փուլը, սովորեցի: Մենք միասին շատ ժամանակ ենք անցկացրել, բայց իրարից չենք հոգնել, ձանձրացել»,- ասաց նա:

Ըստ Սիրանուշի՝ ինքը Սամվելին չի խանդում, բայց զգուշացումներ անում է՝ դա խանդի չվերածելով: «Սամվելի խանդը երկուսիս բավական է, թեև չի արտահայտում այն, ո՞ր հայ տղամարդը չի խանդում: Մենք որոշումները միշտ միասին ենք կայացնում: Գուցե շատ ընտանիքներում դա ինքնուրույնությունը կորցնելու հետ է ասոցացվում, բայց իմ պարագայում այդպես չի եղել:

siranush lazyan

Այդ որոշումները միասնական են կայացվել, գուցե մեր ընտանիքի ամրությունը հենց այդտեղից է գալիս,- ասաց նա և հավելեց՝ ընկերության առկայությունը չի նշանակում, որ սեր չկա,- Սերը տարիների ընթացքում ավելի է շատանում, համենայնդեպս, մեր դեպքում այդպես է, հիմա ավելի շատ ենք սիրում միմյանց, քան ամուսնությունից առաջ:

Մենք միասին ենք ամեն հարցում, նույնիսկ երեխաների հետ կապված որոշումները միայնակ չեմ կայացնում: Երեխաների, ընտանիքի հանդեպ մեր պատասխանատվությունը ստիպում է, որ մեր սերը միշտ մնա, որքան էլ այն ընկերություն-սեր է»,- նշեց նա:

Դերասանուհին անկեղծացավ, որ բոլոր ընտանիքների նման իրենց ընտանիքում էլ վեճեր լինում են, որոնք հիմա կապված են երեխաների դաստիարակության հետ: «Երբ միասին տնից դուրս ենք գալիս, Սամվելը տեսնում է, որ չեմ հասցրել ճաշը պատրաստել, բայց երբ տուն ենք գալիս, միևնույն է,  պահանջում է, որ այդ ճաշը պատրաստ լինի: Նման հարցեր լինում են, բայց փորձում ենք հաղթահարել:

samvel danielyan siranush lazyan

Բոլոր առողջ ընտանիքների նման, մենք էլ վիճում ենք, չենք խոսում մի քանի ժամ, հետո քննարկում ենք: Վեճերը հիմա, հիմնականում, կապված են երեխաների դաստիարակության հետ: Կյանքը շատ արագ է առաջ գնում, մեր խնդիրն իրենց ազատությունն ընկալելու մեջ է կայանում, բայց փորձում ենք տեղավորվել իրենց ժամանակի մեջ: Փորձում ենք հնի մեջ ժամանակակից լինել, մեր երկրում միանգամից եվրոպականանալը դժվար է»,- ասաց նա:

Դերասանուհին ապրում է ամուսնու ծնողների հետ, շեշտեց, որ նրանք օգնում են հենց երեխաների հարցում: «Ապրում ենք ամուսնուս ծնողների հետ, ինքս էլ մեծացել եմ բազմանդամ ընտանիքում՝ տատիկներով ու պապիկներով շրջապատված: Չէի ցանկանա, որ հետագայում որդիս ինձ մենակ թողներ: Մայրս միայնակ է, միշտ մտածում եմ, իսկ եթե մայրիկիս հետ այդպես վարվեին:

Սկեսուրս շատ ժամանակակից է, ինձ օգնող ձեռք է: Եթե ամուսնուս ծնողների հետ չապրեի, երեխաներս կտուժեին: Շատ խմբակների են հաճախում, որոնց տատիկ-պապիկն են տանում նրանց: Ինձ հետ էլ է ապրելը բարդ, բծախնդիր, կամակոր եմ, այնպես չէ, որ ինձ հանդուրժելը հեշտ է»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում