Մամուլ

Դժբախտ դեպք Իջևանում. երիտասարդը գնացել է ծառ կտրելու ու մահացել

Դժբախտ դեպք Իջևանում. երիտասարդը գնացել է ծառ կտրելու ու մահացել:

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մասնաճյուղի տարածքից Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա երիտասարդի դի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացած երիտասարդը Գանձաքար գյուղից էր և անտառ էր գնացել ծառ կտրելու։

Այս տեղեկությունները հաստատեց նաև Գանձաքարի գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանը։ «Գնացել էր, որ իրենց տան համար վառելափայտ բերեր ձմեռվա համար։ Կտրված ծառն ընկել է գլխին»,- ասաց գյուղապետը։

Երիտասարդն անտառում մենակ չի եղել։ Ըստ գյուղապետի՝ տղան հարևաններից երկուսին խնդրել է, որ գնան, իրեն օգնեն։ Հենց նրանց աչքի առաջ էլ տեղի է ունեցել դեպքը։ Դովլաթբեկյանը հայտնեց, որ երիտասարդը ամուսնացած չէր։

Իջևանի հիվանդանոցից դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Աղբյուր՝ armeniapsutnik.am

Կիսվել նյութով