Մամուլ

Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք

Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ և 31-րդ հայցադիմումները:

Մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից (Գևորգ Վարդանյան) հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝

  1. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալու փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ.
  2. 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:

Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից (Հովիկ Աբրահամյան), նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից (Ջուլիետա Աբրահամյան), որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  1. 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծ մասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում.
     
  2. 4 ավտոմեքենա.
  3. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.
  4. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
  5. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
  6. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Կիսվել էջում