Գիտնականները հայտարարել են, որ 4300 տարի անց գտել են 100% հավանականությամբ Նոյյան տապանի գտնվելու վայրը
4300 տարի անց Նոյյան տապանի հանգրվանը «100%-ով հաստատվել է» այն բանից հետո, երբ հողի խորքերում հայտնաբերվել է ապշեցուցիչ «արհեստածին» կառույց։
Հաղորդվում է, որ նորագույն ռադարային հետազոտությունները տարբեր խորությունների վրա հայտնաբերել են կառուցվածքային շերտեր, ուղիղ գծեր, ուղիղ անկյուններով խաչմերուկներ և մեծ խոռոչանման տարածություններ։
Նավաձև գոյացության շուրջ ստեղծված առեղծվածը, որը որոշ հետազոտողների կարծիքով կարող է լինել Նոյյան տապանի մնացորդները, նոր շրջադարձ է ստացել այն բանից հետո, երբ ստորգետնյա նոր սկանավորումների արդյունքում հայտնաբերվել են հնարավոր թունելներ, սենյակներ և բազմաթիվ կառուցվածքային շերտեր:
Այս բացահայտումներն արվել են Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուփընար (Durupınar) գոյացությունն ուսումնասիրող միջազգային թիմի կողմից։ «Daily Mail»-ը, որը բացառիկ կերպով հրապարակել է տվյալները, նշել է, որ հետազոտողներն այժմ պնդում են, թե իրենք «100 տոկոսով հաստատել են», որ այդ գոյացությունը «մարդակերտ օբյեկտ» է:
Այնուամենայնիվ, այս գտածոները դեռևս չեն ապացուցել, որ տվյալ վայրը հենց աստվածաշնչյան Տապանն է: Հետազոտողներն ասում են, որ ռադարային տվյալները և հորատման միջոցով դուրս բերված նյութերը լրացուցիչ ֆիզիկական և գիտական փորձարկումների կարիք ունեն:
Ըստ Աստվածաշնչի՝ Նոյյան տապանը փրկեց մարդկությանը և բոլոր տեսակի կենդանիներին աղետալի ջրհեղեղից: Որոշ աստվածաշնչյան ժամանակագրություններ ջրհեղեղը թվագրում են ավելի քան 4300 տարի առաջ:
Ի՞նչ են բացահայտում ռադարային նոր սկանավորումները
Հաղորդվում է, որ նորագույն ռադարային հետազոտությունները տարբեր խորությունների վրա հայտնաբերել են կառուցվածքային շերտեր, ուղիղ գծեր, ուղիղ անկյուններով խաչմերուկներ և խոռոչանման մեծ տարածություններ:
Հետազոտողները նշել են, որ սկանավորումները ցույց են տվել հավանական սենյակներ, միջանցքներ և թունելներ: Նրանք նաև հայտնաբերել են ստորգետնյա հաստ շերտ, որը կարծես բաժանվում է երեք մասի, ինչը թիմը համեմատել է Նոյյան Տապանի մասին աստվածաշնչյան նկարագրության հետ՝ ըստ որի այն կառուցվել է երեք տախտակամածներով։
2026 թվականին դոկտոր Խոսրով Բախտարի կողմից իրականացված ավելի խորը ուսումնասիրության ժամանակ կիրառվել է առաջադեմ ռադարային համակարգ, որը մշակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտությունների հիման վրա և ունակ է զգալիորեն ավելի խորը զննել, քան նախկինում կիրառված սարքավորումները:
Հինգ նկատելի անոմալիաներ, ըստ երևույթին, ձևավորել են թունելների հնարավոր համակարգ՝ մոտ 151 ոտնաչափ (մոտ 46 մետր) երկարությամբ և ավելի քան 14 ոտնաչափ (4․2 մետր) միջին կառուցվածքային բարձրությամբ: Մյուս անոմալիաների բարձրությունները կազմել են մոտավորապես 26 ոտնաչափ (7․9 մետր), 39 ոտնաչափ (11․8 մետր) և 23 ոտնաչափ (7 մետր):
Այս ցուցանիշները, սակայն, իրական սենյակների կամ անցումների լուսանկարներ չեն: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես են ռադարային ալիքներն արձագանքում գետնի տակ գտնվող տարբեր նյութերին և շերտերի սահմաններին: Հետազոտողներն ասում են, որ անոմալիաները պետք է ֆիզիկապես ուսումնասիրվեն՝ պարզելու դրանց առաջացման բուն պատճառը։
Հորատման արդյունքում հայտնաբերվել է օրգանական նյութ
Ֆիզիկական հորատման արդյունքում հայտնաբերվել է նաև օրգանական նյութերով հարուստ շերտ, որը հետազոտողները փորձարկում են՝ պարզելու, թե արդյոք այն քայքայված փայտ է պարունակում:
«Noah’s Ark Scans»-ի (Նոյյան տապանի սկանավորումներ) հիմնադիր Էնդրյու Ջոնսը Daily Mail-ին ասել է, որ գոյացության ներսում իրականացված ո՛չ ռադարային հետազոտությունները, ո՛չ էլ հորատումները կրաքար կամ պինդ ժայռային հիմքեր չեն հայտնաբերել:
Ջոնսը խոստովանել է, որ առկա ապացույցները դեռևս վերջնականապես չեն հաստատում գոյացության՝ աստվածաշնչյան նավ լինելու փաստը: «Ես խորապես հավատում եմ, որ Դուրուփընար գոյացությունն իրենից ներկայացնում է Նոյյան տապանի թաղված մնացորդները», – ասել է նա:
«Noah’s Ark Scans»-ի մարքեթինգի և դրամահավաքի գծով տնօրեն Լորեն Վիցկեն նշել է, որ գոյացության ամենավերին հատվածը քայքայվում է:
Հետազոտողները դեռևս չեն հաստատել, որ հայտնաբերված նյութը փայտ է, և գիտականորեն չեն թվագրել հորատման միջոցով դուրս բերված որևէ բան որպես 4300 տարվա վաղեմության գտածո: Օրգանական նյութի տարիքը որոշելու համար այն պետք է ենթարկվի ռադիոածխածնային թվագրման (radiocarbon dating):


