Մամուլ

Բժշկի սխալի պատճառով սպանեցին հարազատիս. «Արթմեդ»-ից հերքում են

Բժշկի սխալի պատճառով սպանեցին հարազատիս. «Արթմեդ»-ից հերքում են

Օրեր առաջ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում կրկնակի վիրահատությունից հետո մահվան դեպք է գրանցվել, որի մեջ մահացածի ազգականները մեղադրում են վիրահատությունները իրականացրած բժիշկին։

Մահացած 50-ն անց տղամարդու ազգականը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր հարազատի մոտ ախտորոշել են չարորակ ուռուցք․

«Նա ունեցել է միզապարկի 2-րդ աստիճանի չարորակ ուռուցք։ Դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, սակայն, չգիտես ինչպես, «ԱրթՄեդ» կենտրոնի բժիշկ Աշոտ Ծատուրյանին հաջողվել է իր «ուղեղն ուտել»։ Բոլորը դեմ էին, քանի որ լսել էին, որ այդ բժիշկի վիրահատությունների 50 տոկոս դեպքում մահեր են գրանցվում։ Անգամբժիշկն է ասել հիվանդին այցի ժամանակ, որ 97 տոկոս է երաշխիքը՝ հաջող վիրահատություն կլինի, իր վիճակը չի մնում 3 տոկոս դեպքերի մեջ»։

Ազգականի խոսքով՝ վիրահատությունից հետո բուժառուն նեղվել է միայն քթից միացված խողովակներից։

«Հաջորդ օրը ջերմություն է ունեցել։ Դիմեցինք բուժքույրերին, ասացին՝ հետվիրահատական վիճակ է, իր դեպքում նորմալ է, մենք էլ հավատացինք։ Մարտի 27-ին բժիշկ Ծատուրյանն է եկել պալատ, ասել է՝ վիրահատության ենք տանում։ Ազոտն էր բարձրացել, շաքարը այն դեպքում, երբ ինքը ընդհանրապես շաքար չի ունեցել։ Իրեն չէր կարելի հետազոտել, պետք էր վիրահատությամբ բացել նորից»։

tonabekyan

Մեր զրուցակցի խոսքով՝ վիրահատությունից մեկ ժամ հետո բժիշկը դիմել է ազգականներին, ներկայացրել հիվանդի վիճակը և կատարված վիրահատությունը․
«Ասել էր՝ աղին է շրջվել, բայց չգիտի, թե խնդիրը ինչից է առաջացել։ Հետո՝ կնոջը հայտնել է, որ վիրահատության արժեքը 1 միլիոն 800 հազար դրամ է, որից 600․000-ը պետպատվեր է, իսկ 200․000-ը չի վերցրել՝ պատճառաբանելով, որ բոքսում շատ գումար պետք գալու համար՝ հաշվի առնելով՝ թանկ դեղեր են անհրաժեշտ լինելու։ Նույնիսկ ՀԴՄ կտրոն չի տրամադրել գումարը վճարելիս, այլ տետրի մեջ է գրել»։

Ազգականի խոսքով՝ դեպքի օրը՝ մարտի 28-ին, առավոտյան եղել են հիվանդանոցում, սակայն «բանը բանից անցած է եղել»․

«Մեր հարևանի տղային ասել էին՝ պետք է շլանգները անջատենք, որովհետև այլևս անիմաստ է։ Բայց սուտ է․ իրենք արդեն նկատել էին, որ վարակ է անցել։ Մեզ այդպես էլ դատաբժշկական փորձաքննության պատասխանը չեկավ, սակայն մենք ներքին կարգով իմացանք, որ օրգանիզմը թարախի մեջ է եղել, նույնիսկ աղին ծակ է եղել, և կեղտը, վիրահատության ժամանակ օրգանիզմ անցնելով, խառնվել է արյան հետ»։

Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ և ճշգրտումներ ստանալու նպատակով Oragir․News-ը կապ է հաստատել «ԱրթՄեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի հետ, որն էլ հերքեց բժիշկի կողմից կատարված սխալի հետևանքով մահվան լուրը, ապա հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում, գործը ՔԿ-ում է․

«Հիվանդը ընդունվել է կլինիկա մարտի 19-ին։ Եղել է օնկոհիվանդ, որին առաջարկվել է վիրահատության 3 տարբերակ, ինչից էլ նա ընտրել է ամենածանրը՝ աղիքից միզապարկ ձևավորելու տարբերակը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդը աղիների անանցանելիության պատկեր է ունենում, որը բնական երևույթ է։ Բժիշկները կարգավորում են վիճակը։ Նույնիսկ մահանալուց առաջ՝ ժամը 1-2-ի միջակայքում, ամբողջ հիվանդանոցում բժշկական խորհրդակցություն է հրավիրվել իմ գլխավորությամբ, և բժիշկը հստակ ներկայացրել է պատկերը»։

Ղարիբյանի խոսքով՝ հիվանդին տեղյակ է պահվել, որ սա այն դեպքն է, երբ ցանկացած պահի կարող է խցանում տեղի ունենալ, և նկատվի իրավիճակի վատացում․
«Եվ շատ արագ գրանցվեց սրտի կանգ։ Մեր գնահատմամբ՝ մեր կողմից ոչ մի մասնագիտական սխալ չի եղել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա՝ եղել է սխալ թե չէ»։

Կիսվել էջում