Օգտակար

Անախտանիշ վարակակիրները՝ քայլող պատվաստանյութ. բժիշկ Վահան Վարդապետյանի անդրադարձը կորոնավիրուսին

Անախտանիշ վարակակիրները՝ քայլող պատվաստանյութ. բժիշկ Վահան Վարդապետյանի անդրադարձը կորոնավիրուսին

Armtimes.com-ը գրում է․ Համամարդկային աղետի վերածված կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ օր օրի, անգամ ժամ առ ժամ փոփոխվող մոտեցումների, հակասական կարծիքների, հաճախ նաև ապատեղեկատվության պայմաններում կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու գրագետ գործելակերպն ու պատասխանատու վարքագիծը: 

Միջազգային բժշկագիտական հանդեսներում և առողջապահական տեղեկատուներում առկա կարևորագույն տեսակետներն ու մոտեցումները հնարավորինս մատչելի ներկայացնում եմ ընթերցողին: 

Վիրուսակիրների 60-70 %-ի մոտ հիվանդության ախտանիշներ ի հայտ չեն գալիս, նրանք կարող են հանդիսանալ վարակի տարածողներ 4 շաբաթվա ընթացքում: 14 օր տևողությամբ գաղտնի շրջանի առկայությունը հաշվի առնելով, վիրուսակիրը, չիմանալով իր վիրուսակրության մասին, շուրջ 6 շաբաթվա ընթացքում կրում և տարածում է վարակը: Սրանով է պայմանավորված վարակի արագ և համընդհանուր սփռումը:

Կորոնավիրուսի մյուս առանձնահատկությունն օրգանիզմում քնելու ու կրկին ախտահարելու մեջ է. գրանցվել են հիվանդության կրկնվելու դեպքեր:

Այնպես որ, հույս դնելով հասարակության բնական իմունիզացիայի ձևավորման վրա, անտեսելով ու թերագնահատելով կարանտինային, մեկուսացման, սանհիգիենիկ գործելակերպը, կարող ենք իրական աղետի առջև կանգնել:

Կոլեկտիվ (հանրային) իմունիտետը ձևավորվում է անհատական իմունիտետի հիման վրա, իսկ անհատական իմունիտետը ձեռք է բերվում անձի վարակվելուց, հիվանդանալուց կամ պատվաստումից հետո: Հանրային իմունիտետի առկայության մասին կարելի է փաստել բնակչության ավելի քան 70 % -ի վարակվածության դեպքում:

Ամերիկացի գիտնականները գտնում են, որ կորոնավիրուսով ախտահարվածների իրական թիվը 50 անգամ ավելին է, բնակչության 4,2 %-ի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսային հակամարմիններ:

Այսօր շատերն են ցանկանում ստուգվել՝ հանդիպե±լ են վիրուսի հետ, թե՝ ոչ, այն հույսով, որ արդեն կրել են հիվանդության անախտանիշ, թեթև ձևերը և ունեն ձևավորված իմունիտետ: Դա հնարավոր է իմունաֆերմենտային հետազոտությամբ՝ վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությունը հաստատում է օրգանիզմի հանդիպումը վիրուսի հետ: Հակամարմինների քանակով կարելի է տեղեկանալ իմունիտետի առկայության և տևողության մասին:

Վիրուսաբանները անախտանիշ վարակակիրներին համարում են կորոնավիրուսի քայլող պատվաստանյութ, դրանք առողջ երիտասարդներն ու երեխաներն են: Այս պահին աշխարհում ընթանում է կոլեկտիվ իմունիզացիա, հուսանք, բնակչության 70 %-ի վարակվածության դեպքում հիվանդությունն ի վերջո կնահանջի:

Հիվանդացած և առողջացած մարդկանց արյունն այսօր արդեն օգտագործվում է ծանր հիվանդների բուժման նպատակով: Իմունիզացված մարդկանց արյունից սկսել են ստանալ իմունագլոբուլինային պրեպարատներ:

Տուբերկուլյոզի դեմ մասսայական պատվաստումներ կատարված երկրներում կորոնավիրուսով վարակվածության անհամեմատ ցածր մակարդակը և ծանր դեպքերի անհամեմատ փոքր տեսակարար կշիռը (մոտ 10 անգամ) ակնհայտ փաստեր են:

Տուբերկուլյոզային պատվաստանյութն ուժեղ իմունոմոդուլյատոր է և  բարենպաստ դեր ունի աուտոիմուն, օնկոլոգիական, ինֆեկցիոն-վիրուսային հիվանդությունների կանխման հարցում:

Իսկ ինչպես նախապատրաստել օրգանիզմը վիրուսների հետ հնարավոր հանդիպմանը, այլ կերպ՝ ինչպես ամրապնդել իմուն համակարգըինչը մշտական ու տևական գործընթաց է:

Վիրուսին ոչնչացնել կարող է միայն իմուն համակարգը: Որքան երկար է ապրում վիրուսը մեզ հետ, այնքան նվազում է նրա վտանգավորությունը, ուստի անհրաժեշտ է հնարավորինս ուշացնել վիրուսի հետ հանդիպումը, հատկապես, ռիսկի խմբի ներկայացուցիչների դեպքում:

Իմուն համակարգը կաջակցի մեզ, եթե ապահովենք ֆիզիկական ակտիվություն (զբոսանք մաքուր օդում, մարմնամարզություն, թեթև վազք, հեծանվային զբոսանք), լիարժեք քուն, հնարավորինս քիչ սթրեսային իրավիճակներ, բարձր տրամադրություն, լիարժեք և ճիշտ սննդակարգ:

Պարզվում է, որ 20-30 րոպե բնության գրկում, սեփական պարտեզում անցկացնելիս (զբոսանք, այգեգործություն և այլն) օրգանիզմում 20 %-ով նվազում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը: Կորտիզոլի նվազեցմանը նպաստում են նաև գեղեցիկ տեսարանները (կապույտ երկինքը, ծառերն ու ծաղիկները), հաճելի ձայները (ջրի, թռչունների), երաժշտությունը:

Կորտիզոլի աճին նպաստում են հեռախոսազանգերը. հեռախոսի մշտական առկայությունը, տհաճ ինֆորմացիան և այլն: Հատկապես հիմա, վիրուսի պատճառած վնասների, մահերի մասին խուճապային հաղորդումները, մասնագիտական կարծիքների ու խորհուրդների բացակայությունը, սպասողական վիճակն ու անորոշությունը պատճառ են դառնում հոգեբանական, նյարդային բարդույթների:

Իմունիտետը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը սթրեսների բացառումն ու կանխումն է ինքնատիրապետման և ինքնաներշնչման միջոցով: Իմունիտետի ամրապնդմանը նպաստում են նաև հանգստի և աշխատանքի ճիշտ ռեժիմը, պլանավորված աշխատանքային գրաֆիկը:

Իմունային ախտորոշում և կարգավորում. կարևոր գործընթացներ են, որոնք հնարավորություն են տալիս մոբիլիզացնել օրգանիզմի սեփական ուժերը և չեզոքացնել միջավայրի ագրեսիվ գործոնները: Որոշակի իմունային թեստերով կարելի է կանխատեսել, թե ում մոտ ավելի ծանր ընթացք կունենա կորոնավիրուսային հիվանդությունը:

Իմունիտետի բարձրացմանը նպաստում է որոշակի վիտամիններ և հակաօքսիդանտներ պարունակող սնունդը՝ վիտամին C – ցիտրուսային մրգերի, հատապտուղների (չիչխան, լորամիրգ, հաղարջ), մասուրի թուրմի, կարմիր պղպեղի մեջ, վիտամին A-լյարդի, կարագի, գազարի մեջ, Zn – քունջութի, հաճարի, վարսակի մեջ, Cu – տավարի մսի, ձկնեղենի մեջ, Se – ծովամթերքի, լյարդի մեջ, կանաչ թեյ, քրքում, ռեսվերատրոլ (կարմիր գինու մեջ), բրոկոլի, կաղամբի տեսակներ և այլն:

Թոքային ալվեոլները, որոնցում տեղի է ունենում գազափոխանակությունը, պատված են սուրֆակտանտով, որն էլ կանխում է ալվեոլների սոսնձումն արտաշնչման ժամանակ և ապահովում թոքերի բնականոն աշխատանքը: Սուրֆակտանտի 90 %-ը կազմում են ճարպերը, որոնց պաշարը լրացվում է կարագի միջոցով:

Օրեր առաջ Իսրայելի առողջապահության նախարարությունը խորհուրդ տվեց մասսայաբար օգտագործել վիտամին D (մինչև 1000 մկգ), ինչը հիմնավորվում է վիտամին D-ի հակաբորբոքային և իմուն համակարգը խթանող ազդեցությամբ: Չպետք է սխալ մեկնաբանել, թե վիտամին D-ով կարելի է պաշտպանվել ու բուժվել վիրուսից, սակայն վերջինիս դերը իմունիտետի բարձրացման հարցում հնարավոր չէ թերագնահատել:

Ծանր ընթացքով և բարդացած դեպքերի մեծամասնության դեպքում հաստատվել է վիտամին D-ի կրիտիկական ցածր մակարդակ: Վիտամին D-ի խիստ անհրաժեշտություն ունեն վարակակիրները, շնչառական ախտահարումների հակվածները, բուժաշխատողները:

Կորոնավիրուսը գրոհում է իմուն համակարգի վրա (ինչպես ՁԻԱՀ-ի դեպքում)` ախտահարելով T լիմֆոցիտներին: Որքան փոքր է T լիմֆոցիտների քանակը, այնքան մեծ է բարդությունների և մահվան հավանականությունը:

ՁԻԱՀ-ի բուժման որոշ պրեպարատներ (Նելֆինավիր) դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում, քանի որ դրանք կանխում են իմունադեֆիցիտը և բարձրացնում իմունիտետը:

Կարծում եմ, մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի  բազմակողմանի հետազոտությունները հնարավորություն կստեղծեն ՁԻԱՀ-ի վերջնական, արդյունավետ բուժման հայտնագործության:

Վիրուսային հիվանդությունների ժամանակ սովորաբար զարգանում է կարճաժամկետ իմունիտետ, դրանով է բացատրվում սեզոնային բնույթը՝ բռնկվող ալիքների հաջորդաբար թուլացմամբ: Մոլորակի յուրաքանչյուր բնակչից պահանջվում է բարձր գիտակցություն, կարգապահություն և հետևողականություն, հատկապես բարձր ռիսկի խմբին հնարավորինս ուշ վարակելու համար: Նույնքան կարևոր է խուսափել խուճապից, անկազմակերպվածությունից և խառնաշփոթից:

Կորոնավիրուսը թեև չի դասվում ամենավտանգավոր, մահաբեր վարակների շարքին, մեծ վարակելիության պատճառով, սակայն, դարձել է համաշխարհային աղետ: Սովորական սեզոնային գրիպների վարակելիությունը շատ ավելի բարձր է, իսկ մահացությունը՝ 40 անգամ ցածր, քան՝ կորոնավիրուսի դեպքում: Կորոնավիրուսի վարակելիությունն էլ իր հերթին շատ ավելի բարձր է, քան՝ թռչնագրիպի, էբոլայի վիրուսների, մահացությունն էլ վերջիններիս համեմատ՝ 10 անգամ ցածր:

Վիրուսակիրների և հիվանդների հետ շփվողների մի մասը չի հիվանդանում, այսպես կոչված տեղային իմունիտետի շնորհիվ: Տեղային իմունիտետը լորձաթաղանթների պաշտպանունակությունն է. քթի, ըմպանի, շնչուղիների լորձաթաղանթում արտադրված լորձը պարունակում է իմունագլոբուլիններ, որոնք տեղում ոչնչացնում են ներդրվող վիրուսներին: Եթե շնչուղիների լորձաթաղանթը չորացած է կամ ախտահարված, խորհուրդ է տրվում օդափոխել սենյակները, պահպանել խոնավությունը, շնչուղիները չգրգռել թունավոր նյութերով, ծխի գոլորշիներով, օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկներով:

Շնչուղիների, հատկապես բրոնխների էպիթելում արտադրվող լորձը պատնեշ է հանդիսանում ախտածին մանրէների, փոշու, տոքսիկ նյութերի համար: Բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ լորձը դառնում է խիտ, մածուցիկ, դժվար է հեռացվում շնչուղիներից, առաջացնելով հազ, հևոց: Թոքերից ու բրոնխներից լորձի հեռացմանը նպաստում են.

  • ինհալյացիա՝ փշատերևների բուսայուղ պարունակող ջրային տաք գոլորշիներով;
  • կառավարելի հազի միջոցով լորձի ու խորխի հեռացում;
  • թոքերի դրենաժ՝ դիրքային, գրավիտացիոն ուժի ազդեցությամբ խորխը դուրս է շարժվում;
  • թոքերի պերկուսիա՝ կրծքավանդակի, թոքերի շրջանում ռիթմիկ հարվածներ;
  • կետային մերսում;
  • մարմնամարզություն և ֆիզիկական ակտիվություն;
  • կանաչ թեյի օգտագործում, որը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ:

Ի դեպ, ֆիզիկական ծանրաբեռնվածության, զբոսանքի ժամանակ օրգանիզմն ինքն է արտադրում հակաօքսիդանտ (սուպերօքսիդ-դիսմուտազա): Վիրուսային հիվանդության ընթացքն անգամ կարելի է թեթևացնել ակտիվ շարժունակությամբ:

Տեղային իմունիտետը բարձրացնելու նպատակով Մեչնիկովի լաբորատորիայի գիտնականները ստացել են Իմունովակ կոչվող պատվաստանյութը, որը խթանում է շնչուղիներից ոչ թանձր, հակամարմիններով, T-լիմֆոցիտներով, մակրոֆագերով հարուստ լորձի արտադրությունը, ինչն էլ վնասազերծում է վիրուսներին:

Կորոնավիրուսը ավելի ծանր ընթացքով ախտահարումներ առաջացնում է արական սեռի ներկայացուցիչների մոտ: Մահացությունը տղամարդկանց մոտ կազմում է 2,8 %, իսկ կանաց մոտ՝ 1,7 %: Չինաստանում ծխում է տղամարդկանց 50 %-ը, կանանց 2 %-ը, Անգլիայում՝ համապատասխանաբար 16 % և 13 %: Այստեղից հետևում է, որ ծխելը միակ և էական պատճառը չէ:

Կա կարծիք, որ վիրուսը տղամարդկանց օրգանիզմում ավելի երկար է պահպանվում: Տղամարդկանց ամորձիները ևս վիրուսների ռեզերվուար են, մինչդեռ կանանց ձվարաններում վիրուսային կուտակումներ չեն հայտնաբերվել: Որքանով  կորոնավիրուսը կախտահարի ամորձիները, հետագա ուսումնասիրության նյութ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով