Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Պարեկները և փրկարարները պարզել են, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ, իսկ համայնքային ոստիկանները, տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով, նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։



