74-ամյա անհետ կորած կնոջ դին հայտնաբերվել է
Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում հայտաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր շարունակ հարազատները 24 ժամ ռեժիմով որոնողական աշխատանքներ են կատարել, որին այսօր միացել են նաև փրկարարները։
Մինչ այդ որոնվող քաղաքացու հարազատները դիմել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, սակայն համայնքային ոստիկանները հարազատների նկատմամբ ցուցաբերել են ոչ սրտացավ մոտեցում, նույնիսկ արտահայտություններ են արել, որոնք զայրացրել են հարազատներին, ովքեր ստիպված դիմել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
Հարազատները միայն գոհ են փրկարարների աշխատանքից։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, և այս պահին փրկարարները և մահացած կնոջ հարազատները սպասում են, մինչև կժամանեն քննիչները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հուլիսի 12-ին առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։
Ընտանիքի անդամները դիմել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին։
Պարզվել էր, որ կինը գնացել էր դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա էին նաև տեսագրություններ։



