Մամուլ

Ո՞ւմ է խանգարում «Մալաթիա» տոնավաճառը

Ո՞ւմ է խանգարում «Մալաթիա» տոնավաճառը

Sputnik Արմենիան գրում է․ Վարձակալության գումարն օրական 2000-2500 դրամ է, վճարի մեջ մտնում է ոչ միայն տարածքի գումարը, այլև և՛ բժշկի ծառայությունը, և՛ հաշվապահությունը, և՛ մանկապարտեզ կա։

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները բարկացած են` այլընտրանք ու ժամանակ են պահանջում, իսկ տնօրեն Սամվել Ավետիսյանը կարծում է, որ տեսչական մարմինը ցանկանում է պարզապես Նիկոլ Փաշինյանին ցույց տալ, որ գործ է անում։

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ 

Երեկ տոնավաճառի առևտրականները բողոքում էին, որ անգամ ժամանակ չեն տալիս խնդիրները վերացնելու համար ու զրկում են իրենց օրվա հացը վաստակելու ու ընտանիք պահելու հնարավորությունից։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին. տարածքում կային կրակմարիչներ, տարհանման պլանն ամբողջ տարածքում ամրացված էր պատերին, առաստաղներին մոնտաժված էին հրդեհի ազդարարման համակարգերը (ծխի տվիչ), առևտրային և պահեստային շենքերն էլ սարքավորված էին հրշեջ ծորակներով և կահավորված էին ներքին հակահրդեհային ջրացանցով։

malatia tonavachar

Գիշերվա անվտանգության աշխատակիցներին և հսկիչներին էլ հակագազեր են տրամադրվել։

Խախտումները վերացնելուց հետո նույն արձանագրումներն արել է նաև ՔՀՏԱ տեսչական մարմինը։

Այնտեղից նաև հավելել են, որ տարհանման ճանապարհներն էլ ազատվել են, տանիքների մոտով անցնող օդային լարերի խնդիրը վերացված է, տարածքում` 107 գծամետր հեռավորության վրա հիդրանտ կա, հրշեջ մեքենաները կարող են անարգել մոտենալ ցանկացած հատված։

Տոնավաճառի առևտրականներից Քնարիկը հայտնեց, որ 10 տարի է՝ աշխատում է այնտեղ։

«Երեկ եկան ու մեզ ասացին, որ փակվելու է։ Ասում են, որ անվտանգության նորմերին չի համապատասխանում։ Էդ խեղճ մարդն (տոնավաճառի տնօրենը,– խմբ.) ինչ անի, ինչի են իրա հետևից ընկել։

Մի փոքր թերություն կա, դա էլ կվերացնի։ Այսքան շորն ու ապրանքը վերցնենք ուր գնանք, վարկեր ունենք բոլորս էլ։ Անձամբ ես 10.000 դոլարի վարկ ունեմ»,– ասաց Քնարիկը։

Մեկ այլ աշխատակից էլ` Աննան, վստահեցրեց, որ տոնավաճառում պայմանները նորմալ են, իսկ հսկողությունը շատ լավ է իրականացվում. անվտանգության աշխատակիցները պարբերաբար շրջում են տարածքում, որպեսզի անգամ գողություն չլինի։

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտում արձանագրել. բոլորը վերաբերում են հրդեհային անվտանգությանը։

1 ամիս հետո կրկին այցելել ու արձանագրել են, որ խախտումներից 10-ը վերացված են, և թույլ են տվել շարունակել աշխատանքը։ Արդեն 2023 թվականի հունվարի 20-ին Ավետիսյանին կանչել են ՔՀՏԱ տեսչական մարմին ու հայտարարել, որ փետրվարի 1-ից հետո տոնավաճառը չպետք է գործի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում