Աշխարհ

Անթալիայից ժամանելուց հետո հայտնաբերվել են 30-ամյա կնոջ և նրա նորածին որդու դիերը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հայտնաբերվել են նորածին տղայի և նրա 30-ամյա մոր դիերը: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, հայտնում է ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի պաշտոնական մամուլի ծառայությունը:

Դիերը հայտնաբերվել են հոկտեմբերի 2-ին՝ ժամանման գոտու զուգարանում: Քննիչները քրեագետի հետ միասին զննել են պատահարի վայրը և հարցաքննել վկաներին: Մահվան պատճառներն ու տեղի ունեցածի այլ հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատական փորձաքննություններ:

Միևնույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի և «ՌԵՆ ՏՎ»-ի տվյալներով, կինը մահացել է ոչ թե օդանավակայանում, այլ ավելի ուշ՝ հիվանդանոցում:

Ինչպես հայտնում է «ՌԵՆ ՏՎ»-ն, Նատալյա անունով կինը «Շերեմետևո» էր ժամանել Անթալիայից՝ քաղաքացիական ամուսնու և դստեր հետ: Վայրէջքից հետո նրա մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել, ինչից հետո նա գնացել է զուգարան, որտեղ էլ ծննդաբերել է: Հեռուստաալիքի վարկածով՝ ծննդաբերությունից հետո կինը խեղդամահ է արել նորածնին:

Դրանից հետո, ըստ «ՌԵՆ ՏՎ»-ի, կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է արյան մեծ կորստի պատճառով:

Քննչական կոմիտեն դեռևս պաշտոնապես չի հայտնել երեխայի ծննդյան հանգամանքների, կնոջ մահվան պատճառի կամ նորածնի ստացած վնասվածքների բնույթի մասին: Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզվում են, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Կիսվեք ձեր էջում