Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 34-ամյա վարորդը Opel-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 34-ամյա վարորդը Opel-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդն այնուհետև ահազանգել է 1-02։ Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կիսվեք էջում