Մամուլ

Քնած ժամանակ 2-ամյա երեխան կուլ է տվել խաչը և հայտնվել հիվանդանոցում

Ուրալում երկու տարեկան երեխան քնի ընթացքում պատահաբար կուլ է տվել կրծքային խաչը և հոսպիտալացվել։ Դեպքի մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Բիսերտի քաղաքային տիպի բնակավայրում։ Երեխայի հարազատները նկատել են, որ նրա վզից կախված շղթայի վրայից խաչը բացակայում է, ինչից հետո կասկածել են, որ երեխան այն կարող էր կուլ տալ։ Շտապօգնություն է կանչվել, և տղային տեղափոխել են հիվանդանոց։

Ռենտգեն հետազոտությունը հաստատել է հարազատների կասկածները․ պարզվել է, որ օտար մարմինը գտնվում է երեխայի օրգանիզմում։ Բժիշկները պարզել են, որ երեխան խաչը պատահաբար կուլ է տվել քնած ժամանակ։

Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի առնչությամբ բժիշկները խորհրդակցել են Աղետների բժշկության տարածքային կենտրոնի անեսթեզիոլոգի և մանկական վիրաբույժի հետ։ Որոշվել է երեխային տեղափոխել Եկատերինբուրգի հիվանդանոց, որտեղ օտար մարմինը հեռացվել է էնդոսկոպիկ եղանակով։

Բժիշկների խոսքով՝ միջամտությունն անցել է առանց բարդությունների։ Երեխան հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոքրիկը, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ կնշի իր երրորդ տարեդարձը։

Կիսվեք ձեր էջում