Մամուլ

Մահացել է Վահագն Գրիգորյանը

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հայտնել է, որ մահացել է հայտնի հայ արձակագիր, թարգմանիչ և սցենարիստ Վահագն Գրիգորյանը։

«Քիչ առաջ ցավալի լուր ստացա։ Մահացել է Վահագն Գրիգորյանը։ Ընտիր արձակագիրը, հիրավի վարպետը։ «Պողոս-Պետրոս», «Ժամանակի գետը» շշմելու վեպերի ու էլի մի շարք ընտիր գործերի ստեղծողը։

Ասում էր՝ ամեն տարի Երևան եմ գալիս, որ կարողանամ ապրել։ Այս տարի չեկավ, չստացվեց․ ծանրացող առողջական վիճակը չթողեց։

Ու չապրեց անԵրևան։ Ամեն զրույցում դա էր ասում՝ մի բան անեմ գամ, գամ, գամ․․․

Մի տեսակ մխիթարություն է, որ իր լավագույն գործերի վերահրատարակումը տեսավ վերջին տարիներին, իր վեպերի ու մյուս գործերի սիրվելը, արժևորվելը տեսավ։ Շատ էր ուրախանում։

Մեր վերջին զրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր իր «5-րդ փողոցը» ժողովածուն էլ հրատարակված տեսնել։

Դա էլ կանենք, Վահագն Գրիգորյան, մեծ ջան, մեզ մեծ գրականություն նվիրած ջան․․․

Հանգստություն հոգուդ»։

Վահագն Վահանի Գրիգորյանը հայտնի հայ արձակագիր, թարգմանիչ և սցենարիստ էր։ Նրա ստեղծագործությունները նշանակալի տեղ են զբաղեցնում ժամանակակից հայ գրականության և կինոարվեստի մեջ։ Նա ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին Երևանում և 1972 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։

Կիսվեք ձեր էջում