Աստծո առաջ ոչինչ չի մոռացվում, և յուրաքանչյուրն իր արածի համար մի օր պատասխան է տալու․ Մարինե Գրիգորյան
Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն գրառում է կատարել իր էջում․
«Հավատս չի գալիս, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին իմ Պապային, իսկ մեզ՝ երջանիկ ու խաղաղ կյանք ունենալու հնարավորությունից։ Իմ ամենաթանկ մարդ, իմ Պապ…
Երանի՜… Երդվում եմ՝ երանի գոնե մի անգամ, ամենավերջին անգամ կարողանայի քեզ պինդ գրկել։ Երանի կարողանայի գոնե մեկ անգամ ևս ասել, որ աշխարհի ամենահպարտ մարդն եմ, որ հենց քո աղջիկն եմ։
Երանի մեկ անգամ էլ գայիր տուն, գրկեիր Տոմային, հարցնեիր՝ ինչպես է անցել մեր օրը։ Երանի նորից կարողանայինք բոլորս միասին նստել ու խոսել ամեն ինչի ու ոչնչի մասին։
Երանի նորից կարողանայի «Պապ ջան» ասել ու լսել ձայնդ…Բայց չէ։ Մենք հավերժ զրկված ենք այդ հնարավորությունից։ Ուղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում։
Մեկ տարի է՝ սպասում ենք մի մարդու, որի վերադարձն անհնար է։ Մեկ տարի է՝ մեր տանը ամեն ինչ կարծես իր տեղում է, բայց ամենակարևոր մարդը չկա։ Ու ամենացավալին այն է, որ անցել է արդեն մեկ ամբողջ տարի, բայց քեզ մեզնից խլած մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց արժանի պատիժը։
Մեկ տարի մենք ապրում ենք այս անտանելի կորստով, իսկ արդարությունը դեռ իր վերջակետին չի հասել։ Բայց ես հավատում եմ՝ եթե նույնիսկ մարդկային դատաստանն ուշանում է, Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող խուսափել։
Աստծո առաջ ոչինչ չի մոռացվում, և յուրաքանչյուրն իր արածի համար մի օր պատասխան է տալու։ Չգիտեմ՝ ինչպես կարողացա մի ամբողջ տարի ապրել առանց քեզ։ Երևի միայն Աստված գիտի։
Գիտեմ միայն, որ այս մեկ տարվա ընթացքում ոչ մի օր չի եղել, որ չկարոտեմ քեզ, չմտածեմ քո մասին կամ ներսումս չցանկանամ, որ այս ամենը պարզապես մի սարսափելի երազ եղած լիներ։
Մեկ տարի անցել է, բայց ես դեռ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իմ ամբողջ մնացած կյանքում քեզ պիտի միայն հիշեմ։ Որ պիտի լինեն իմ կյանքի ամենակարևոր օրերը, ամենամեծ ուրախություններն ու ամենադժվար պահերը, ու ես ամեն անգամ առաջինը մտածեմ՝ «երանի Պապան այստեղ լիներ»։
Ես դեռ այնքան բան ունեի քեզ պատմելու, այնքան բան ունեինք միասին ապրելու։
Բայց հիմա ինձ մնացել է քեզ սիրել այն հեռավորությունից, որը ոչ մի մարդ չի կարող հաղթահարել, ու ամբողջ կյանքումս կրել քո կարոտը։ Ու մինչև իմ կյանքի վերջին օրը իմ ամենամեծ հպարտությունը նույնն է մնալու՝ ես քո աղջիկն եմ, Պապ»։


