Մամուլ

Թաթայի մեկ երգի գինը՝ երեխաների բուժօգնության համավճարից ավելի. Ո՞ւր են ուղղվում բյուջեի միջոցները

Հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված մեծ համերգին 20 միլիոն դրամի դիմաց երեք կատարում է հնչեցրել։ Համերգի ավարտին նա բեմից հատուկ շնորհավորանք է հղել երկրի ղեկավարությանը։

«Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին, շնորհավորում եմ Երևան ժամանած հյուրերին՝ բարձրաստիճան կամ, իմ նման, հասարակ։ Շնորհավորում եմ մեր երկրի պետական այրերին՝ մեր վարչապետի գլխավորությամբ»,- բեմից ասել է երգիչը։

Համերգին մասնակցելու համար երգիչ Արման Հովհաննիսյանը ստացել է 17 միլիոն դրամ հոնորար, Ռոլանդ Գասպարյանը՝ 9 միլիոն, Սարո Թովմասյանը՝ 8 միլիոն, իսկ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ն՝ ավելի քան 5-ական միլիոն դրամ։

Հրապարակի տոնակատարության, այդ թվում՝ դրոնների շոուի և մեծ հրավառության համար, պետությունը ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ է ծախսել, ինչը համարժեք է մոտ 3 միլիոն 600 հազար դոլարի։

Հատկացված գումարի հիմնական մասը՝ ավելի քան 1 միլիարդ 30 միլիոն դրամ, ուղղվել է հրապարակի համերգի կազմակերպմանը, իսկ 51 միլիոն դրամ ծախսվել է դրոնների շոուի համար։

Տոնակատարությունների համար ծախսված մեծ գումարների վերաբերյալ համացանցում դժգոհության բուռն ալիք է բարձրացել։

Լրագրող Դավիթ Գալստյանը հարցում է կատարել՝ պարզելու, թե այս տարվա հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիները երեխաների բուժօգնության դիմաց որքան համավճար են կատարել, այսինքն՝ որքան գումար է վճարվել առողջության ապահովագրության շրջանակում, որը պետությունը չի փոխհատուցել։

Ըստ հարցման՝ այդ գումարը կազմել է 5 միլիոն 300 հազար դրամ։ Այսինքն՝ այնքան, որքան կառավարությունը համերգին ելույթ ունենալու համար վճարել է ընդամենը մեկ երգչի կամ, կարելի է ասել, Թաթա Սիմոնյանի մեկ երգի համար։

Հարցման համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում քաղաքացիների ընդհանուր առողջապահական ծառայությունների համավճարը կազմել է 14 միլիոն դրամ։ Այս համատեքստում համերգային տոնակատարությունների համար հատկացված ամբողջ բյուջեի չափը ևս դարձել է քննարկման առարկա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում