«Սերժ Սարգսյանի ժամանակ երգիչներիս հոնորարները 100-150 հազար դրամ էին»
Hraparak-ը գրել է․ «Երեկվանից հանրությունը քննարկում է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը, որը նվիրված էր Անկախության 35 ամյակին, և այն չափազանց «չաղլիկ» հոնորարները, որ ստացել են երգիչները: Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր, որ Թաթա Սիմոնյանը Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 3 երգ երգելու համար ստացել է 20 միլիոն դրամ, ԱՄՆ-ից հատուկ այս առիթով Երեւան եկած Արման Հովհաննիսյանը՝ 17 միլիոն դրամ:
«Կարեն Սևակ բենդին» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին տրվել է 13 միլիոն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն, Իվետա Մուկուչյանին ու Արամ MP-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին և Հասմիկ Թորոսյանին՝ 2 միլիոն 700 հազար դրամ, հաղորդավար Խորեն Լևոնյանին՝ 3 միլիոն 600 հազար, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ:
Չնայած այն հանգամանքին, որ երգիչ Մգեր Արմենիան այլեւս նախկին ընդդիմադիրը չէ Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուն է դարձել, սակայն իշխանությունները նրան ըստ արժանվույն «չեն գնահատում» նման համերգների չեն հրավիրում և միլիոնների հոնորարները իվետաներին ու թաթաներին է բաժին հասնում:
Մգերից հետաքրքրվեցինք ինչո՞ւ իրեն չեն վստահում, չեն հրավիրում նման համերգների, չէ որ ինքը հանուն այս իշխանությունների այդքան լուտանքների է արժանանում: Նա ասաց. «Թե ինչու ինձ չեն հրավիրում, այդ հարցը պետք է կազմակերպիչներին տաք, ինձ համար մեկ է: Եթե ինձ առաջարկեին ես կերգեի, բայց չեն առաջարկել, իսկ թե ինչու չկա առաջարկ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, չեմ կարծում, որ կա մի այնպիսի արտիստ, ով կհրաժարվի երգել:
Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին, ապա եթե ես սատարում եմ խաղաղության օրակարգը, դա հո չի՞ նշանակում, որ պիտի պարտադիր ես էլ երգեմ: Ես սատարում եմ խաղաղության օրակարգը, դա ինձ համար ամենակարևորն է: Իսկ թե այդ համերգներին ովքեր կերգեն, ովքեր չեն երգի, դա այլ հարց է:
Եթե մի բան եմ անում, դա հո չի՞ նշանակում, որ պարտադիր ինչ-որ բան պիտի ակնկալեմ: Միայն թե խաղաղություն լինի, պատերազմ տեղի չունենա, ինձ համար դա է կարևորը: Ես շատ վատ եմ վերաբերվում պատերազմ հրահրողներին: Ինչ վերաբերում է համերգի բովանդակությանը, ապա ինձ հետաքրքիր չէ, թե ով ինչ երգ է երգել, դա իմ գործը չէ»:
Մգեր Արմենիան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Անկախության օրվան նվիրված համերգներին երգել է, մենք հետաքրքրվեցինք որքա՞ն հոնորար է ստացել այդ տարիներին Անկախության օրվա համերգին երգելու համար. «Ես միշտ էլ երգել եմ: Այն ժամանակ շատ չնչին հոնորար էին տալիս:
100 հազար դրամ, 50 հազար դրամ, փոքր թվեր են եղել, նման աստղաբաշխական թվեր չի եղել, երեկվա համերգի թվերը ոնց որ հարսանիքի թվեր լինեին: Այն ժամանակ բոլոր համերգներին` 100-150 հազար դրամ հոնորար էին տալիս, դե ինչ արած»:


