Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է ներմուծում. 50 թեստն արժե մոտ 1500 դոլար
Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է ներմուծում. 50 թեստն արժե մոտ 1500 դոլար
Այսօր առավոտյան Հայաստանը նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ պայմանավորվել է, թեստերի որակը երաշխավորում է Չինաստանի կառավարությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մեկ տուփը, այսինքն՝ 50 թեստը, արժե մոտ 1500 դոլար, դա շատ թանկ, սակայն հաշվի առնելով իրավիճակը՝ Հայաստանին այդ թեստերն անհրաժեշտ են:
Նախարարի խոսքով՝ դեռ ծրագրվում է գնել 200 թեստ (4 տուփ): Դրանք կկիրառվեն միայն այն պացիենտների համար, որոնց մոտ կորոնավիրուս վարակի նախանշաններ կան:
Առանց նախանշանների մարդկանց համար թեստավորումը, մասնագետների խոսքով, աննպատակահարմար է:
Թորոսյանը հիշեցրեց, որ 2019-nCoV կորոնավիրուսը նոր շտամմ է, եւ դրա ախտորոշման համար թեստերով ապահովված են վարակի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրները:
Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանքի դեպքում հնարավոր կլինի կենսաբանական նմուշներն ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը: