Հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջկան
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Արարատի ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, ում անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։
Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան Անահիտ Ս.-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի աղջիկն էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


