Աշխարհ

91-ամյա թոշակառու կինը իր տուն ներխուժած գողին թեյ և բլիթներ է հյուրասիրել

91-ամյա թոշակառու կինը իր տուն ներխուժած գողին թեյ և բլիթներ է հյուրասիրել։

Ռուսաստանի Վոլոգդայի մարզում թոշակառուն գիշերն իր տուն ներխուժած գողին թեյ է հյուրասիրել և փորձել խոսելով հանգստացնել ու ընդհանուր հայտարարի գալ վերջինիս հետ, հայտնի է դառնում մարզի դատարանների մամուլի ծառայության էջից

Օրերս խմիչքի ազդեցության տակ գտնվող տղամարդը գիշերը ներթափանցել է Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա կին վետերանի բնակարան և սկսել է ծեծել վերջինիս: Այնուհետև փորփրել է բնակարանը` հայտարարելով, որ իրեն 100 000 ռուբլի է հարկավոր:

Կինը սկսել է խոսել գողի հետ, հանգստացրել է նրան, որն էլ իր հերթին սկսել է իր խնդիրների ու դժվար կյանքի, մանկության մասին պատմել: Խոսակցության ընթացքում թոշակառուն թեյ ու բլիթներ է հյուրասիրել գողին, վերջինս էլ խնդրել է կնոջը որևէ մեկին չպատմել կատարվածի մասին:

Կարծելով, թե ընդհանուր հայտարարի են եկել` վետերանը ճանապարհել է գողին, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար երեք մեդալ և 100 000 ռուբլի գումար է բացակայում տնից:

Թոշակառուն զանգահարել է դստերն ու պատմել կատարվածի մասին: Ոստիկանությունը պարզել է, որ գողը թոշակառուի թոռան կնոջ եղբայրն է, որը նախկինում մի քանի դատվածություն է ունեցել:

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով