Մամուլ

Այսուհետ հաշմանդամ դարձած բոլոր նախկին զինծառայողները փոխհատուցում կստանան

Այսուհետ հաշմանդամ դարձած բոլոր նախկին զինծառայողները փոխհատուցում կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այսօրվա կառավարության նիստում նախագիծ առաջարկեց, ըստ որի Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած բոլոր նախկին զինծառայողներն այսուհետ զինվորական կենսաթոշակ կստանան՝ անկախ հաշմանդամության կարգ ստանալու ժամկետից։

Փոխնախարար Գասպարյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի` 2019թ. հուլիսի 12–ին ընդունած որոշմամբ։

«Մինչ այժմ հաշմանդամությունը տրվել է 5 տարի ժամկետով, ու մենք դեպք ենք ունեցել, որ 2000թ.-ին մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց հաշմանդամության կարգի համար դիմել է 2008թ.-ին։

Բայց քանի որ օրենքում նշված էր, որ 5 տարի հետո չենք կարող զինվորական թոշակ նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հիմա հանում ենք այդ կարգավորումը։ Հաշմանդամ դարձած բոլոր նախկին զինծառայողները փոխհատուցում կստանան»,– ասաց փոխնախարարը։

Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության կողմից։

Կիսվել