Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու այդ պահին վթարի վայրով անցնող «Ինստա սուշի»-ի աշխատակիցները, տեղափոխվել են հիվանդանոց։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։






