Շրջանառության մեջ կդրվի մարտի 1-ին և 2-ին Երևանում տուժած անձանց հատուցման մասին օրինագիծը. Ալեն Սիմոնյան
Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը:
Ավելացնեմ, որ շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:
Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ:
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:
Դեռ այսքանը…»