Այդքան ատելություն մեր նկատմամբ որտեղի՞ց․ լավ, մեկ հատ էլ գրեցիք՝ «Շարմազանով-42», բա հետո՞, պարոնա՛յք. Է. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովի՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցը․
-Պարոն Շարմազանով, տեսակետ կա, որ ՀՀԿ-ն սկսում է իր գրոհը, և երեկ Ձեր, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ հենց դրա վկայությունն են։ ՀՀԿ-ն արդեն բաց տեքստո՞վ է սկսում գրոհը։
– Նախ՝ ՀՀԿ-ն ոչ գրոհում է և ոչ էլ հակագրոհում է, գրոհում և հակագրոհում են ապաքաղաքական տարրերը։ ՀՀԿ-ն իր կարծիքն է արտահայտում, և Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա ընթացքում մի քանի տասնյակ, անգամ հարյուր արձագանք է եղել ՀՀԿ-ից։ Եվ հիմա ուզում եք՝ անվանեք գրոհ կամ հակագրոհ, ես դրա հետ համամիտ չեմ։ Շատ քաղաքակիրթ արձագանք էր ոչ թե անձին, այլ երկրի վարչապետի իրականացրած 100-օրյա քաղաքականությանը և հանրահավաքին նրա հնչեցրած մտքերին։ Կարծում եմ՝ շատ ադեկվատ և հստակ պատասխան էր։
Գրոհ-հակագրոհ և գավառական պատասխաններ կարող են հնչել մյուս կողմից, և ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց համարում են ժողովրդավարական արժեքների կրող, նման կարծիքներ են արտահայտում։ Մենք պետք է խոսենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գոնե մեկ մարդ կա, ով պատրաստ է լսել այլընտրանքային կարծիք։ Որևէ մեկն ինձնից ավելի շատ իրավունք չունի Սահմանադրությամբ իր կարծիքն արտահայտելու։
Իսկ Փաշինյանը պետք է սովորի՝ երբ մենք ենք եղել իշխանության, ինքն է մեզ քննադատել, ինքն է իշխանություն, մենք ենք քննադատում։ Ընդդիմությունը ծափահարելու համար չէ։ Երբ ես իշխանություն էի, բազմիցս ասել եմ՝ ամեն ինչ շատ բնական է, իշխանությունն աշխատում է, ընդդիմության գործառույթը քննադատությունն է, ոչ թե օդում խոսելը։ Իմ և իմ գործընկերների քննադատությունը, համոզված եմ, առարկայական էր, հստակ, դիպուկ, և բացի հիստերիկ արձագանքներից՝ որևէ փաստարկված պատասխան չեմ լսել, որովհետև չունեն ասելու, ի՞նչ պետք է ասեն։ Ինձ համար զարմանալի է իրենց փորձագետ համարողների և ազատ մամուլի լռությունը, որոնք Հայաստանի՝ դեպի դիկտատուրա գնացող բռնապետական ելույթին ծափահարում են։ Մի հատ մոռացեք՝ ով է դա ասում։ Եթե նման բան ասեին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, կհարձակվեին վրաները։ Մի հատ բացեք, նայեք ասելիքը, կարծես գեներալ Պինոչետի ելույթը լիներ։
– Ձեր այս հայտարարություններով արդյոք չե՞ք հաստատում այն համոզումը, որ պատրաստվում եք մեկ տարի հետո անվստահություն հայտնել կառավարությանը։ Եվ գուցե իշխանությունը հանձնելիս հենց այսպիսի՞ սցենար եք մշակել։
– Իշխանությունը տրվել է մեկ նպատակով՝ որպեսզի Հայաստանում չլինեն երկպառակություններ, Հայաստանում չլինի արյունահեղություն, չլինեն բախումներ, որ ամեն ինչ անցնցում լինի։ Եվ երբ նոր իշխանությունը հայտարարում է, որ վենդետաներ չեն լինելու, բայց նոր իշխանությունն այս հարյուր օրերի ընթացքում մեկ բան է արել. Հայաստանը տարել է անձնական վրեժխնդրության, վենդետաների, մամուլի ազատությունը սահմանափակելու, խոսքի ազատությունը սպանելու, ով իր հետ համամիտ չէ, քաղաքականապես սպանելու ճանապարհով։ Այլ բան չի արել Փաշինյանի կառավարությունը, և սա ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա։
Փաշինյանը ցանկանում է դառնալ Հայաստանի Տիրանը, Հայաստանն էլ սարքել Տիրանիա, բայց Հայաստանը չի կարող լինել Տիրանիա։ Բայց ուզում եմ ասել, որ Փաշինյանի Տիրանիա Հայաստանում չի լինելու։ Ինչ եք ուզում ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն իր իշխանությունը տվել է հանուն պետության, որ բախումներ չլինեն։ Եվ եթե Փաշինյանին կամ որևէ մեկին թվում է, որ ինքն ավելի արմատական ընդդիմադիր կարող է լինել, ավելի սկզբունքային մարդ է, քան որոշ հանրապետականներ, չարաչար սխալվում է։ Ինքն իր կարծիքն ասել է, մենք էլ մեր կարծիքը կարող ենք ասել՝ ո՛չ վախենում ենք, ոչ էլ ահաբեկվում։ Եվ եթե բանտերով պետք է վախեցնի, մեզ բանտով պետք չի վախեցնել։
Եթե իրեն թվում է, որ ՀՀԿ-ն միայն եղել են փողի, պաշտոնի, իշխանության մոլուցքով տարվածները, և ՀՀԿ-ում չկան մարդիկ, ովքեր ունեն իրենց սկզբունքները և խոսքի ազատության, իրենց պետության տեսլականի համար պատրաստ չեն պայքարել, հարյուր տոկոս սխալվում է: Կարծում եմ՝ հարյուր օրը բավական էր իրեն և իրեն սպասարկող ֆեյսբուքչիներին հասկանալու համար։ Մենք Հայաստանում թշնամիներ, հակառակորդներ չունենք, որևէ անձի դեմ երբեք չենք պայքարել և չենք պայքարելու, բայց վատ երևույթների դեմ, եթե դրանք կան, պետք է խոսենք, անկախ նրանից՝ դա Փաշինյանն է անում, թե ՀՀԿ-ից որևէ մեկը։
Ասել եմ ու ասում եմ՝ Հայաստանում չկա մի ուժ, որը կարող է ինձ թույլ չտա իմ կարծիքն արտահայտել։ Իսկ թե ՀՀԿ-ն մեկ տարի կամ վեց ամիս հետո ինչ կանի, կամ հինգ տարի հետո ինչ կանի, ՀՀԿ-ի և անձամբ իմ՝ Էդուարդ Շարմազանովի քվեարկությունների, որոշումների հիմքում ընկած են Հայաստանի և Արցախի պետական շահն ու անվտանգությունը, այլ բան ընկած չէ։ Հայաստանի և Արցախի շահն ու անվտանգությունը ինչ կպահանջեն, այդպես էլ կանենք, բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի իշխանությունների կողմից, մտահոգիչ է։ Եվ արձագանքներն էլ, թե՝ հուզվում է հանրապետականներից մեկը, թե հայ-ռուսական հարաբերությունները վատ են. բայց այ ընկեր, կենացներ ասելով չէ՝ հայ-ռուսականը լավ է, թե վատ, ուր գնացիր՝ ձախողվեցիր։
Գնացիր Բրյուսել, վեր կացար ասացիր՝ փողը չեն տալիս, Սվիտալսկին արձագանքեց, ԱՄՆ դեսպանը հստակ ասում է, որ կարճ ժամանակահատվածում պետք չէ սպասել ներդրումային ծրագիր, ՌԴ ԱԳ նախարարը դրեց, խիստ քննադատեց, որ քաղաքականության մեջ մեկ բան է ասում, մեկ այլ բան անում, անվստահելի գործընկերոջ պիտակ կպցրեց վրան։ Մի բան, որ չի եղել ո՛չ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Բա դրանից չմտահոգվե՞մ, առնվազն պետք է լինես խելագար, որ այս ամենը տեսնելով՝ չմտահոգվես։ Հո մենք այդքան ապուշ չենք, որ տեսնելով այսքան խնդիրներ՝ չմտահոգվենք։
Եթե ինքը իր իշխանությունն է շատ սիրում իր երկրից շատ, մենք մեր երկրից շատ որևէ բան չենք սիրում։ Եվ հիմա կարող է ամբիոնից ավելորդ բաներ խոսել, մատ թափ տալ, ես էլ իրեն ասում եմ՝ որևէ մեկը չփորձի ինձ հետ, իմ կուսակցության հետ, թեկուզ այնտեղ մնան երկու հոգի, մատ թափ տալով խոսի։ Այս կյանքում ոչինչ հավերժ չէ, ամեն ինչ ժամանակավոր է։ Մենք բոլորի հետ, այդ թվում՝ Փաշինյանի հետ եղել ենք ու փորձում ենք լինել բացառապես հարգանքի և կոռեկտության սահմաններում, բայց եթե որևէ մեկը շփոթի կոռեկտությունը և հարգանքը խախտել, նույն կերպ պատասխանը կստանա, կապ չունի՝ իր կողքը հարյուր հազար, երեք հարյուր հազար կամ երեք միլիոն է կանգնած։ Հայաստանում չկա որևէ ուժ, որ կարող է ՀՀԿ-ին լռեցնել։ Դու այնքան ասելիք չունես, որ սպառնում ես ԱԱԾ-ո՞վ։ Եթե քեզ թվում է, որ կարող ես ԱԱԾ-ով մեզ վախեցնել, հաստատ շփոթվել ես։
– Ձեր այսպիսի գնահատականներից և բնորոշումներից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք վարչապետին մեկ տարի անց անվստահություն եք հայտնելու։
– Չեմ կարող ասել։ Իմ վրդովմունքն անձի դեմ չէ, Փաշինյանը վեց տարի իմ գործընկերն է եղել, և ես շատ նորմալ և հարգալից փոխհարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ։ Ես Հայաստանում անձի հետ որևէ խնդիր չունեմ, և ես դա իրեն էլ եմ ասել։ Երկրի վարչապետը պետք է իրեն պահի երկրի վարչապետի նման, բայց եկեք ընդունենք, որ այդ մարդը մինչև հիմա չի գիտակցում՝ ինքն ինչ պաշտոն է զբաղեցնում։ Ինքը իմ երկրի թիվ մեկ պաշտոնյան է, ինքը ոչ միայն Կարգին Հայկոյի վարչապետն է, այլև ԱԱԾ-ում նստած Մանվել Գրիգորյանի վարչապետն է, Էդուարդ Շարմազանովի վարչապետն է, Գագիկ Ծառուկյանի և բոլորի վարչապետն է. նա դա պետք է գիտակցի։ Հանրապետության հրապարակում ՀՀ քաղաքացիների նկատմամբ սպառնալիք հնչեց ամենաբարձր մակարդակով, իսկ սպառնացողը երկրի առաջնորդն է, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում։
– Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մի՞թե վատ բան է ասում։
– Դրա համար դատարաններ կան, ես էլ եմ ասում, որ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, ինքն էլ պետք է պատասխան տա իր հայտարարությունների համար, այդ անհանդուրժողական քարոզի համար։ Այո, բոլորը պետք է պատասխան տան։ Այս կյանքում Սահմանադրությունից և Փաշինյանից ավելի վեր արժեքներ կան, Սուրբ գրքում գրված է, որ ամեն ինչի համար բոլորս պետք է պատասխան տանք։ Այո, պարոն Փաշինյան, կա քարեր նետելու ժամանակը, և կա քարեր հավաքելու ժամանակը։
Իհարկե, ես միշտ էլ ասել եմ, որ եթե ՀՀԿ-ն այդքան լավը, անսխալ լիներ, այսօր ՀՀԿ-ն կլիներ իշխանության, և ժողովուրդը ՀՀԿ-ի դեմ դուրս չէր գա հանրահավաքների։ Մենք էլ ունեցել ենք մեր սխալներն ու թերությունները, բայց սխալներ և թերություններ ունենալով հանդերձ՝ մարդկանց չի կարելի զրկել խոսելու իրավունքից, չի կարելի խրախուսել անհանդուրժողականությունը։ Եղբայր ջան, դու առաջնորդ ես, դու պետք է այդ հանդուրժողականությունը քարոզեիր, մինչդեռ հակառակն է՝ դու Հանրապետության հրապարակում անհանդուրժողականություն ես քարոզում։ Եվ եթե քո կողմնակիցները մի քիչ ծայրահեղ են, դու պետք է կարգի հրավիրես նրանց, ասես, որ չի կարելի։ Հանրահավաքը նա սկսեց շատ լավ. նախ ասաց՝ բոլորդ պաստառները իջեցրեք, սա միասնության հանրահավաք է, սա ընդդեմ չէ, սա հանուն է, հինգ րոպե հետո սկսեց գոռալ, և պարզ դարձավ, որ բացի հայհոյելուց և սպառնալիքներ տալուց՝ մեր վարչապետը ուրիշ ոչ մի բանի չի հասել։ Պարոն Փաշինյանը ինձ հիշեցրեց ֆրանսիացի բուրբոններին, նա հարյուր օրվա մեջ ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել։
– Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն, և հիմա Դուք չեք բացառում նրա հետ համագործակցությունը։
– Մեր ծրագրերի շուրջ համագործակցություն որևէ ուժի հետ էլ չենք բացառում։ Չբացառել չի նշանակում թուղթ ու գրիչ դրած որոշել ենք, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, և եթե ես այսօր ասեմ՝ բացառում եմ, հինգ տարի հետո դուք ինձ չե՞ք ասի՝ պարոն Շարմազանով, էս ի՞նչ եք ասում։
– Մենք շատ լավ հիշում ենք ՀՀԿ-ի կոշտ արձագանքները սահմանադրական հանրաքվեից առաջ Քոչարյանի հասցեին։ Մասնավորապես Դուք հիշեցնում էիք Քոչարյանին՝ իսկ ո՞վ է այս արատավոր քաղաքական համակարգի հիմնադիրը։ Կարեն Ավագյանն էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին էր պատասխանում՝ ասելով՝ բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք։ Այսինքն՝ այս ամենը մոռացվե՞լ է։
– Քաղաքականության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ գործիչները տարբեր կարծիքներ են ունենում, բայց իրենց միավորում է Հայաստանի նկատմամբ շահը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին քննադատել ենք, նա էլ մեզ է քննադատել, Տեր-Պետրոսյանին քննադատել ենք, նա էլ մեզ է քննադատել, բայց երբ պետք եղավ, նույն Սերժ Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը հանդիպեցին, Նիկոլ Փաշինյանը և Տեր-Պետրոսյանը ժամանակին նույն ճամբարում էին, հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, նրանք դարձան կատաղի ընդդիմադիրներ, հիմա կարծես թե նորից ջերմություն է նկատվում։
Քոչարյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ՀՀ երկրորդ նախագահն է, Արցախի հերոս է, Արցախի առաջին նախագահն է, և նա լուրջ դերակատարում ունի և անելիք Հայաստանում։ Մնացածը երկրորդ նախագահը կորոշի։ Մենք քննադատում ենք ոչ թե մարդուն, այլ ասելիքը։
Հայաստանի պատմության ընթացքում 91-ից այս կողմ Հայաստանի ղեկին առաջին անգամ հայտնվել է մի մարդ, ով բացահայտ իրականացնում է հակաժողովրդավարականություն խոսքի ազատության դեմ։ Եվ ժողովրդավարության այդ սուտի ջատագովներից որևէ մեկը չի խոսում այսօր։ Ատելությամբ ծնված իշխանությունը չի կարող հաջողություն ունենալ։ Իրենց ատելությունը մեր նկատմամբ այնքան շատ է, այդքան ատելություն որտեղի՞ց… լավ, մեկ հատ էլ գրեցիք՝ «Շարմազանով-42», բա հետո՞, պարոնայք, բա հետո՞, դրանից այս ժողովրդի մոտ ի՞նչն է ավելանալու. հաց չեք կարողանում տալ, տեսարաններ են պետք:
Աղբյուր՝ «Առաջին լրատվական»