Մորաքրոջ հարսանիքից ժամեր անց 15-ամյա տղան մահացու վթարի է ենթարկվել
Գավառի դպրոցի տնօրեն Նինի Գուլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է պատմել դպրոցականների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս–Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով երկու տուժածներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մահացածը Գավառի 15-ամյա բնակիչ Ռաֆայել Բ.-ն է, վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ.-ն։ Երկուսն էլ սովորում էին Գավառի ավագ դպրոցում և ընկերներ էին։
Գուլոյանը հայտնել է, որ վիրավորը սովորում էր 11-րդ, իսկ մահացածը՝ 10-րդ դասարանում։
«Որքանով ինձ հայտնի է, նրանք թաքուն վերցրել են Դավիթի հոր մեքենայի բանալիները՝ մի պտույտ անելու համար, իսկ վերադարձի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին։ Մահացածին վթարի վայրից 20 մետր հեռավորության վրա են գտել՝ կյանքի նշաններով։ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,– նշել է դպրոցի տնօրենը։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ վաղը չէ մյուս օրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել:
Տեսանյութ ստորև․


