Պուտինը հրադադարի համար պայման է դրել
Ռուսաստանը պահանջում է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի եվրոպական իր դաշնակիցներին միջուկային պաշտպանության երաշխիքներ տրամադրելուց։ Այս պահանջը ներառվել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջ քաշած պայմանների շարքում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով ռուս բանակցողների կազմած փաստաթղթին։
Պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական միջուկային սուզանավերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եվրոպայում, բացի Ռուսաստանից, միջուկային զինանոց ունեն միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիան եվրոպական տասը երկրների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման նոր մեխանիզմի ստեղծման հարցը։ Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն առաջին անգամ կարող է միջուկային զենք կրող ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր դաշնակից երկրների տարածքներում։
Սակայն Մոսկվայի պահանջները չեն սահմանափակվում միայն միջուկային պաշտպանությամբ։ The Telegraph-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը պահանջում է նաև ՆԱՏՕ-ի ուժերը դուրս բերել Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, հասնել Ֆինլանդիայի՝ դաշինքից դուրս գալուն, ինչպես նաև երաշխիքներ ստանալ, որ արևմտյան երկրները զորքեր չեն տեղակայի Ուկրաինայի տարածքում։
Պարբերականի տվյալներով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել հրադադարի հարցը միայն իր առաջ քաշած պայմանների կատարման պարագայում։
Ռուսական կողմը նաև պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, ինչպես նաև բացառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Միևնույն ժամանակ Մոսկվան մտադիր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուն, սակայն պահանջում է, որ Կիևը չմասնակցի Եվրամիության ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։


