Մամուլ

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը հրապարակվեց

Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը մեղավոր են ճանաչվել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար։

Դատարանը Գևորգ Ներսիսյանին նշանակել է երեք տարվա ազատազրկում, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Գարեգին Բ-ի եղբորորդի Համբարձում Ներսիսյանը դատապարտվել է երեք տարի հինգ ամիս ազատազրկման։ Միաժամանակ դատարանը որոշել է հետաձգել պատժի կատարումը մինչև նրա երեխայի վեց տարին լրանալը։

Նշենք, որ դատարանը Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղավոր էր ճանաչել դեռևս հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ընտրական իրավունքի իրականացմանը և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 1-ին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ բնակավայրում։

Ըստ մեղադրանքի՝ հայր և որդի Ներսիսյանները խոչընդոտել են Վաղարշապատի համայնքային ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով ու պահանջելով հեռանալ։

Ավելի վաղ Ներսիսյանների պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նրանք չեն ընդունում մեղադրանքը և պատրաստվում են բողոքարկել մեղադրական վերդիկտը։

Կիսվեք ձեր էջում