Ուղղաթիռ է կործանվել․ 3 մարդ զոհվել է․ 11-ը՝ վիրավորվել
Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկո քաղաքի մերձակայքում՝ Գորիցեի շրջանում, Եվրամիության ռազմական զորակազմի (EUFOR) ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հաղորդել է տեղական Klix պորտալը։
Պարբերականի հրապարակման համաձայն՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Դեպքի վայր են ժամանել Բրչկոյի օկրուգի ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու շտապօգնության բրիգադները։ Կործանման վայրին հարակից տարածքն անմիջապես շրջափակվել է։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքները, գույքն ու տրանսպորտային միջոցները չեն վնասվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում նույնպես տուժածներ չեն գրանցվել։
Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ զոհերի թիվը հասել է չորսի։ Նրանցից երկուսը եղել են Իտալիայի զինված ուժերի զինծառայողներ, իսկ մյուս երկուսը՝ Կարմիր խաչի իտալական ռազմական ստորաբաժանման ներկայացուցիչներ։
Միջադեպի հետևանքով ևս 11 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։


