Մամուլ

Հովիկ Աբրահամյանի որդու խափանման միջոցը հրապարակվեց

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կալանքի ժամկետն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը եւս 2 ամսով երկարաձգել է՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աբրահամյանի պաշտպանից, սակայն նա մեզ չպատասխանեց, Քննչական կոմիտեից միայն փոխանցեցին, որ դատարան կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել՝ այլ տեղեկություն չհաղորդեցին։

Հիշեցնենք` Արգամ Աբրահամյանը, որը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, ձերբակալվել է օգոստոսի 8-ին։

Քննչական կոմիտեն նրան մեղադրում է պատվերով սպանության դրդելու համար։

Կոմիտեն հայտնում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։

Ըստ իրավապահների՝ Արգամ Աբրահամյանը սպանությունը անձամբ չի կատարել, այլ իր անվտանգության աշխատակցին է հանձնարարել՝ հրազենով սպանել Ս․Վ․-ին։

Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։

Կիսվեք ձեր էջում