«Ասին՝ մարդ են խփել». մանրամասներ՝ սրճարանի դանակահարությունից
Երկու կողմին էլ ճանաչում եմ, երկու կողմն էլ նորմալ մարդիկ են, հին բնակիչներ են։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հրազդանի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի «Դուետ» սրճարանում տեղի ունեցած դանակահարությանը։
«Նրանցից մեկը մի քիչ վերև է ապրում, մյուսը՝ այստեղ։ Խուլիգան չեն, նորմալ ժողովուրդ են, խելացի մարդիկ են։ Իրենք ավելի լավ պիտի կոմպրոմիսներ գտնեն, հանդարտեն, գնան, չշարունակի, մի կաթիլ մեղրի պատմություն չդառնա ու նորից շարունակվի»,–ասաց նա։
Բնակիչներից մեկն էլ, ով հենց այդ հատվածում բանջարեղեն է վաճառում, պատմեց. «Մի երեխա ասեց՝ մարդ են խփել, ես չեմ գնացել, տեսնեմ՝ ինչ է։ Խանութի տերն ու իր եղբայրն են եղել, ասեցին՝ ինչ–որ դպրոցի հարցով։ Դպրոցի նախկին տնօրենի տղեն ա իբր խփել։ Էդ անելու բա՞ն էր, որ արին, դա հարցի լուծում չէր, հիմա իրար թշնամի դարձան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։
Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։
Համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է։
Հրազդանում տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառն այն է, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։
Տեսանյութը ստորև․


