Մամուլ

«Գուստավ» ռեստորանի մենեջերն ազատվել է աշխատանքից

Վաղ առավոտից լուր տարածվեց, որ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Նա 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է:​

Ավելի ուշ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այս դեպքի մասով գրել է․

​«Եթե սա իրականույթյուն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։

Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ։

Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան։

Առանց չափազանցության սա հանրային անվտանգության հարց է, թիրախում էլի կանանց մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական դեպքն է։

Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քննչական կոմիտե, Դատախազություն դուք պարտավոր եք արձագանքել այս դեպքին»։

Նաև հայտնի դարձավ, որ Sputnik Արմենիայի խմբագրությունը ևս դեպքի վերաբերյալ նամակ է ստացել, ըստ որի՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։ Ռեստորանի անունը չենք հրապարակում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։

Կիսվեք ձեր էջում