Ինչպես խոշտանգեցին չինարեցի մոշ քաղող Կարենին
Եվ այսպես, Հայաստան անարգել մուտք գործած, Շաքիի մի ընտանիքի տանը հայտնված, երեխաներին պատանդ վերցրած և տանտիրուհու վրա կրակած ադրբեջանցու հարցում ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետից մինչև շարքային ՔՊ-ական, կարծես թե ստանձնել են ոչ թե տուժած ընտանիքի, այլ հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցու «պաշտպանի» դերը։ Գրում է haypress.am-ը։
Մեկը խոսում է մառախուղի մասին, մյուսը՝ այն մասին, թե իբր նա չի ցանկացել կրակել, մեկ ուրիշը մեղավորության բաժին է փնտրում տուժածի վարքագծում։ Իսկ երեկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կատարվածը ներկայացրեց որպես մի բան, որը նախկինում էլ է եղել՝ հիշատակելով դեպքերը, երբ կողմերից մեկի զինծառայողը հայտնվել է մյուս կողմի տարածքում և վերադարձվել։
Ռուբինյանի խոսքերով.«Մինչև այս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ և՛ մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ, և՛ իրենց կողմից է զինծառայող հայտնվել մեր մոտ, և, փառք Աստծո, առանց որևէ միջադեպերի։ Իրար տեղեկացրել, վերադարձրել են»։
Հիմա, Ռուբեն Ռուբինյանին հիշեցնենք մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է տարբեր իրավիճակները նույն հարթության վրա դնելը։
Խոսքը Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մասին է։
2014 թվականի օգոստոսին 31-ամյա Կարենը սովորականի նման գյուղից դուրս էր եկել մոշ և չոր փայտ հավաքելու։ Համագյուղացիները նրան տեսել էին հողաթափերով, ավանակով և դույլով։ Հետագայում նրան երկար որոնեցին, սակայն, գտան միայն ավանակը։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Կարեն Պետրոսյանը, իբր, «դիվերսիոն խմբի» անդամ է և մասնակցել է դիվերսիոն գործողության։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ վարկածը հերքեց՝ հայտարարելով, որ Կարենը քաղաքացիական անձ է։
Կարենը հայտնվել էր ադրբեջանական Աղբուլաղ գյուղում՝ Թովուզի շրջանում։ Համագյուղացիներից շատերը կարծում էին, որ տեղանքին լավ ծանոթ Կարենը չէր կարող պարզապես մոլորվել, և որ նրան ադրբեջանական կողմն էր առևանգել մեր տարածքից։
Ադրբեջանական կողմը տարածեց նաև տեսանյութ, որտեղ Կարենին զինվորական հագուստով և ռետինե սապոգներով էին ներկայացնում։
Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտարարեց Կարենի մահվան մասին՝ պատճառը ներկայացնելով իբր, սրտանոթային անբավարարությունը։
Կարենի մարմինը հարազատներին փոխանցվեց հոկտեմբերի 10-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ։
Կարենի մարմինը գազանաբար խաշտանգել էին…
Եվ այստեղ է, որ իշխանության այսօրվա հայտարարությունների հետ համեմատությունը հատկապես ցավոտ է։
Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ, աշխատավոր գյուղացի էր։ Նա չէր ներխուժել ադրբեջանցու տուն, որևէ մեկին պատանդ չէր վերցրել, զինված չէր և որևէ մեկի վրա չէր կրակել։
Այնուամենայնիվ, նա հայտնվեց ադրբեջանական կողմում, խոշտանգվեց և սպանվեց այնտեղ։
Իսկ այսօր Շաքիի դեպքի առնչությամբ մենք գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ. ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանի տարածքում, մտել է բնակելի տուն, պատանդ է վերցրել երեխաներին, նրանց ներկայությամբ կրակել է նրանց մոր վրա, և այդ միջադեպի հետևանքով Անի Ավետիսյանը ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Այստեղ որևէ «սովորական միջադեպի» մասին խոսելը պարզապես անընդունելի է։
Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրությանը համոզել, թե տեղի ունեցածը պետք է դիտարկել նախորդ տարիների սահմանային անցումների հետ նույն համատեքստում։
Եվ եթե իշխանությունը դա չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել, ապա խնդիրն արդեն միայն մեկ ադրբեջանցու արարքը չէ։
Խնդիրն այն է, թե ինչ արժեք ունի Հայաստանի քաղաքացու անվտանգությունը սեփական պետության համար։
Կարեն Պետրոսյանի պատմությունը մեզ հիշեցնում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ հայկական կողմի քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը հայտնվում են ադրբեջանական իրավապահ համակարգի ձեռքում։
Այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է ոչ թե արդարացումներ փնտրել ադրբեջանցի զինծառայողի համար, այլ առաջին հերթին պաշտպանել Անի Ավետիսյանի ու նրա ընտանիքի իրավունքները: Խաղաղությունը չի կարող նշանակել սեփական քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների հանդեպ աչք փակել։
Եվ որքան էլ իշխանությունը փորձի խաղաղության գեղեցիկ բառերով ծածկել իրականությունը, այն մնում է նույնը. Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, այլ ուզում է Հայաստանի կապիտուլիացիա:
Իսկ ՀՀ քաղաքացին մնում է անպաշտպան՝ադրբեջանցի զինված հանցագործի առջև:


