«Իմ պատասխաններն միշտ այս տեսքն են ունենալու». Սիրուշոն տեսանյութ է հրապարակել
Վերջին շրջանում երգչուհի Սիրուշոյի և իշխանությունների միջև լարվածության ֆոնին նրա «Պռեգոմեշ» բրենդի հետ կապված մի շարք գործողություններ են իրականացվել։
Օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ»-ի խանութ-սրահներում և ընկերության գրասենյակում։
Սեպտեմբերի 4-ին Սիրուշոն հայտնել էր, որ Քննչական կոմիտեի կողմից պահեստների փակ լինելու պատճառով չեն կարողանում համալրել խանութների տեսականին։
Նրա խոսքով՝ պահեստներում փակի տակ է մոտ 10 հազար զարդ և «Պռեգոմեշ»-ի այլ ապրանքատեսակներ, որոնք ամիսների աշխատանքի արդյունք են։
Երգչուհին նաև նշել էր, որ չեն կոտրվում ու չեն հանձնվում և շարունակելու են աշխատել։
Այս ֆոնին Սիրուշոն նոր գրառում է կատարել՝ նշելով, որ իր պատասխանները իր դեմ արվող քայլերին լինելու են գործով։
«Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ Գործով։ Լինի համերգ, թե խանութ։
Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/հանդիսատես»,- գրել է երգչուհի Սիրուշոն։


