9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ
Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում 9-ամյա աղջիկը բնակելի շենքի մոտ քայլելիս ընկել է եռացող ջրով լցված փոսը և ջերմային այրվածքներ ստացել։
Դեպքի մասին հայտնել է Արխանգելսկի մարզի և Նենեցյան ինքնավար օկրուգի դատախազությունը։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ցիգլոմենսկի շրջանում։ Նախնական տվյալներով՝ փոսը առաջացել է տաք ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի և ջրի արտահոսքի հետևանքով։
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ջերմային այրվածքներ։
Երեխայի առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Դեպքի առնչությամբ դատախազությունը ստուգում է իրականացնում՝ պարզելու տաք ջրամատակարարման ցանցերի շահագործման համար պատասխանատու կոմունալ ծառայությունների գործողությունների կամ անգործության հանգամանքները։
Ուսումնասիրվում է նաև երեխային ցուցաբերված բժշկական օգնության ժամանակին և ամբողջական լինելու հարցը։
Խախտումներ հայտնաբերելու դեպքում դատախազությունը նախատեսում է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պատասխանատու անձանց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով։


