Մամուլ

Խոշոր ավտովթար Ծաղկաձորում․ բախվել են «Rolls-Royce»-ն ու «BMW»-ն, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում, մարզահամալիր տանող ճանապարհին բախվել են 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Rolls Royce» մակնիշի և 35-ամյա Գոռ Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Մ․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալիկ Գաբրիելյանը և Նորիկ Սաղաթելյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Կիսվեք ձեր էջում