Դեղատներում սնդիկային ջերմաչափերն այլևս չեն վաճառվի
Հայաստանում սահմանափակվում է սովորական սնդիկային ջերմաչափերի շրջանառությունը։ Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ՝ վեց ամիս ժամկետով արգելվել է սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան և արտահանումը Հայաստանից։
Արգելված ապրանքների ցանկում ներառված են նաև սնդիկային ոչ էլեկտրոնային ջերմաչափերը, ինչպես նաև սնդիկ պարունակող որոշ բարոմետրեր, խոնավաչափեր, մանոմետրեր և արյան ճնշաչափեր։
Սակայն սա չի նշանակում, որ քաղաքացիներին արգելվում է գնել խանութներում արդեն առկա սնդիկային ջերմաչափերը կամ օգտագործել տանը եղած ջերմաչափերը։ Որոշումը վերաբերում է առաջին հերթին ներմուծմանն ու արտահանմանը։ Հետևաբար ժամանակի ընթացքում խանութներում նման ջերմաչափերի հասանելիությունը կարող է նվազել։
Կան նաև բացառություններ։ Արգելքը չի տարածվում, օրինակ, հետազոտական, այդ թվում՝ բժշկական, սարքերի չափաբերման և որոշ այլ հատուկ նպատակներով անհրաժեշտ արտադրանքի վրա՝ սահմանված պայմանների պահպանմամբ։
Սնդիկը թունավոր նյութ է, իսկ կոտրված սնդիկային ջերմաչափը կարող է առողջական և բնապահպանական վտանգ ստեղծել։ Այդ պատճառով կոտրված ջերմաչափի սնդիկը չի կարելի հավաքել մերկ ձեռքերով կամ սովորական փոշեկուլով։


