Մամուլ

Պարտադի՞ր է սթափության զննություն անցնելը, թե՞ կարելի է հրաժարվել

Երբ ոստիկանությունը կանգնեցնում է վարորդին՝ կասկածելով նրան ոչ սթափ վիճակում լինելու մեջ,առաջարկվում է անցնել սթափության զննություն։ Երբեմն  վարորդները կարող են մտածել, որ զննությունից խուսափելով խուսափելու են նաև պատասխանատվությունից։ Իրականում այդս քայլը ավելի ծանր հետևանքներ է բերում։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են սթափության զննությունից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները։ Ըստ այդմ՝ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։

Զննությունից խուսափելը համարվում է ինքնին առանձին իրավախախտում և պատասխանատվության միջոցը կիրառվում է անկախ այն փաստից՝ վարորդը սթափ վիճակում էր, թե ոչ։

Ի՞նչ կլինի, եթե զննությունից հետո պարզվի, որ վարորդը ոչ սթափ վիճակում է

  • Միայն ալկոհոլի ազդեցության տակ լինելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով՝ 29,000 դրամ, ինչպես նաև տուգանային միավորի կիրառում՝ 5 միավոր։
  • Եթե արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ արտաշնչած օդի մեջ՝ 0.5 միլիգրամը՝ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով։
  • Եթե հայտնաբերվի թմրամիջոց կամ հոգեմետ նյութ անձը զրկվում է վարելու իրավունքից երկու տարի ժամկետով։

Ե՞րբ է անձը համարվում ոչ սթափ

Օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն։

Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ։ Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ։

Օրենսգիրքը զննությունից խուսափելը հավասարեցնում է ամենածանր դեպքին և սահմանում համապատասխան պատասխանատվության միջոց՝ երկու տարի վարելու իրավունքից զրկում։

Կիսվեք ձեր էջում