Ուժեղ կայծակի հետևանքով մեքենան հայտնվել է փոսում
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։
Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։
Պայթյունից հետո դեպքի վայր էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հանձնարարել էր արագ կազմակերպել անհրաժեշտ աշխատանքները և ճանապարհը կահավորել նախազգուշական միջոցներով։
Սակայն երեք օր անց այդ աշխատանքները դեռ չեն իրականացվել, և տեղում շուրջօրյա ծառայություն են իրականացնում միայն պարեկները։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը պետք է հաշվի առնի այն հանգամանքները, որ արդեն սկսվել է Սևանի «սեզոնը», ու նրանք պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեն, հակառակ դեպքում 100 հատ էլ պարեկ լինի, խցանումը չեն կարողանալու բացեն, ու Աստված մի արասցե, եթե այդ վայրում վթար տեղի ունենա, ինչը այսօր է եղել, ապա վարորդները ամենավերջին խոսքերն են ուղղելու այդ պաշտոնյաների հասցեին։




