Մամուլ

Եկեղեցում հոգեհանգստի ժամանակ քաղաքացուն uպանողը անմեղսունակ է ճանաչվել

Չարենցավանի եկեղեցում հոգեհանգստի ժամանակ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող անձը ճանաչվել է անմեղսունակ։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։

Արթուր Շահնազարյանին վերագրվում է, որ նա անմեղսունակության վիճակում կատարել է քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ։

Ըստ մեղադրանքի՝ 2024 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր բնակարանում նա դանակով վնասվածքներ է պատճառել փեսային՝ Արսեն Խաչատրյանին՝ պատճառելով առողջության թեթև վնաս։

Իսկ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Չարենցավանի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, բազմաթիվ դանակահարություններով սպանել է Անդրանիկ Ղազարյանին։

Մասնավորապես, առաջին դեպքը տեղի է ունեցել Չարենցավանի 3-րդ թաղամասում գտնվող բնակարանում, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Այդ ընթացքում Շահնազարյանը դանակով մի քանի հարված է հասցրել Արսեն Խաչատրյանին՝ պատճառելով ծակած-կտրած վերքեր և այլ վնասվածքներ, որոնք դասվում են որպես թեթև վնաս առողջությանը։

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույն քաղաքում՝ «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, հուղարկավորության արարողության ժամանակ։ Ըստ նյութերի՝ Շահնազարյանը, չպարզված դրդապատճառով, թիկունքից մոտեցել է Անդրանիկ Ղազարյանին և ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան։

Վերջինս մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում