Ազատ խոսք

Հիմա, երբ Արցախի հետ կապված խնդիրը չկա, ՀՀ-Թուրքիա ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել․ Պոլսո հայոց պատրիարք

Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որքանո՞վ է այն համապատասխանում ժամանակի պահանջներին։

– Թուրքիայի հայերը մշտապես աջակցել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն երկու երկրի հարաբերությունները պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել, քանի որ խոսքը 100 տարվա թշնամանքի մասին է։ Մեծ հաջողություն է նույնիսկ խաղաղության մասին խոսելը, ձեր գալը, դռները բացելը, ճանապարհները, սահմանները, դիվանագիտական հարաբերությունները վերսկսելը։ Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Իհարկե, ցանկանում ենք, որ շուտ լինեն, բայց պետությունների կյանքը, ազգային կյանքը հազարավոր տարիներով է չափվում։ Հետևաբար այս գործընթացը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, ըստ իս` ճիշտ ընթացքով է գնում։ Միշտ աջակցել ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք այսպես ասած հատուկ տեղ ունենք հայ աշխարհում։ Մենք ո՛չ արցախահայ ենք, ո՛չ սփյուռքահայ, այլ հայկական այն մասնիկն ենք, որ Ցեղասպանությունից հետո մնացել ենք Թուրքիայում, ապրել ենք Թուրքիայում, լեզու գտել և պահպանել ենք մեր հաստատություններն ու կառույցները մինչև այսօր։

Այլընտրանք չկա, քանի որ խաղաղության դեպքում երկու կողմն էլ շահում են, թշնամության դեպքում` կորցնում։ Լինում է, որ անցյալը պետք է մոռանաս։ Դեռևս ամբողջությամբ չենք կարող մոռանալ, բայց պետք է նորը կերտելու համար նորին դիմես։ Հետևաբար այդ իմաստությունն են ունեցել այստեղի հայերը, և դրա շնորհիվ պահպանել ենք մեր կառույցները, մեր հայկական կյանքը Թուրքիայում։ Սա, օրինակ, դաս է Հայաստանի և սփյուռքի համար։ Նայեք դեպքերին, որոնցից 100 տարուց ավելի է անցել. ո՛չ հայերն են այդ ժամանակվա հայերը, ո՛չ թուրքերն են այդ ժամանակվա թուրքերը։ Հետևաբար նոր պայմաններ են եկել, որոնց համաձայն` պետք է կերտենք մեր քայլերը։ Անցյալի համար չենք կարող ապրել։ Անցյալից դասեր կքաղենք, մենք մեր օրերով պետք է ապրենք, և մեր օրերը ստիպում են, որ կողմերը լավ հարաբերություններ ունենան։ Այսինքն՝ կա՛մ որպես թշնամիներ իրար դեմ կկանգնենք, կա՛մ իրար բարեկամ կդառնանք։

– Թուրքիայում էլ կա՞ հայերի հետ բարեկամանալու նման պատրաստակամություն։

– Պատրաստակամություն թուրքական հասարակության մեջ կա, օրինակ՝ թուրքերենով հայկական հարցի մասին գրքերի պահանջարկը մեծ է։ Թուրքիայի հասարակությունը հույս ունի, որ ճանապարհները կբացվեն, կբարեկամանան։ 30 տարվա ընթացքում առնվազն 200 000 հայ եկավ Թուրքիա ու գնաց, նրանք տեսան, թե թուրքերը ինչպիսին են, ինչպես կարելի է հարաբերվել։ Հավանաբար թուրքական կառավարության այսպես ասած ճկունություն էր, որ այստեղ ապրող հայաստանցիները որևէ վատ վերաբերմունք չտեսան՝ «հայաստանցի» ասելով, «հայ» ասելով։ Հայկական կողմի նկատմամբ վստահություն է ստեղծվել, այսինքն՝ նրանք ճանաչեցին, թե հայը ով է, իսկ հայաստանցիները ճանաչեցին, թե թուրքը ով է։

Հետևաբար հաշտությունը դիվանագիտական մակարդակից ժամանակի ընթացքում կիջնի կրթական մակարդակի։ Այսինքն՝ թե՛ թուրքերը, թե՛ հայերն իրենց դասագրքերում բարեկամությունը սնուցող տարրեր պետք է մտցնեն, որը ժամանակ է պահանջում, որովհետև երկու ազգն էլ իրենց ազգային ինքնությունը հիմնել են թշնամության վրա։ Այսինքն՝ եթե Հայաստանում մեկին «թուրք» ես ասում, դա կռվի պատճառ է, այստեղ էլ, եթե երկու թուրք կռվում են, մեկը մյուսին «էրմենի» (հայ) է ասում, նրանք էլ վատ են ընդունում։ Մենք պետք է բարեկամությամբ տասնյակ տարիներ ապրենք, որպեսզի այն հեքիաթ դառնա։ Մենք թուրքերի հետ միասին ապրելու 1000-ամյա փորձ ունենք։ Ուրեմն այս 1000 տարվա ընթացքում միշտ վատ բաներ չեն եղել, չէ՞։ Լավ բաներ են եղել, և այդ լավ բաները պետք է առաջին պլան մղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։