Վարդենիսի գյուղերից մեկի տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքի գյուղերից մեկի տներում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 10-րդ փողոցի տան տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 35-ամյա Թևոս Ղ.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Թևոս Ղ.-ն ժամը 12:30-ի սահմաններում իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: