Գյումրիում՝ ձին կծել է 7-ամյա աղջկա թևը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Կարեն Վահրադյանն ու Գևորգ Փանոյանը Պարեկային ծառայության ավտոմեքենայով Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ մի երեխա լաց է լինում:
Նրանք, մոտենալով նշված վայր, տեղում պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է:
Տեղում նրանք երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց, իսկ պարեկների մեկ այլ խումբ էլ Վարդանանց հրաապարակում հայտնաբերում են ձիերը և տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև կժամանի օպերատիվ խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան 7-ամյա աղջիկ է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Շնորհիվ պարեկների ու բժիշկների, երեխայի կյանքին, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վտանգ չի սպառնում:
Այս պահին պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը: