Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «BMW»-ն բախվել է բեռնատարին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Գավառի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը զինվորական է, ով մահացել է, և հնարավոր է՝ Գավառի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, կամ գուցե հենց նշված քննչական բաժնից քննչական խումբ ժամանի դեպքի վայր:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ: