Մամուլ

«Joy» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

«Joy» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը։

Դեպքի մասին Ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Քուրդօղլյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և նա շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը մահացել է։

Կիսվել