Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, 6 վիրավորների մեջ կան երեխաներ
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, 6 վիրավորների մեջ կան երեխաներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Վահրամ Ե-ի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Գիա Ք-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գիա Ք-ն, նրա ուղևոր` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Օտարի Վ-ն, Opel-ի վարորդ Վահրամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ Վահրամ Ե-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Նաիրա Մ-ն, 5-ամյա Լիաննա Ե-ն և 5 ամսական Լեո Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։
Օպերատիվ են գործել Ալավերդու և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և նշված բժշկական կենտրոնների բուժանձնակազմի, հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյուքնում հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։