Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների փակ հանդիպումն ավարտվեց. ի՞նչ հարցեր են քննարկել
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների փակ հանդիպումն ավարտվեց. ի՞նչ հարցեր են քննարկել
News.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումն ավելի քան երեք ժամ անց ավարտվեց:
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սոչիում եւ Թեհրանում ունեցած իր հանդիպումները եւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ընդհանուր եզրահանգումն այն է եղել, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն, վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Այս հանդիպմանը խաղաղության պայմանագրի մասին չի խոսվել»,- նշեց Աղազարյանը:
Աղազարյանը նշեց, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը։
«Ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ինձ հետաքրքիր կլինի, եթե խորը ուսումնասիրություններ լինեն, որ բոլոր հարցերի պատասխաններն ունենանք: Եթե Դատախազությունում քննարկում են, ուրեմն՝ ինչ-որ բան կա:
Ես կոնկրետ այս դեպքով չեմ ասում, բայց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը առաջնահերթ վերաբերվում է իշխանականներին»,- ընդգծեց Աղազարյանը:
Աղազարյանի խոսքով՝ անդրադարձ է եղել նաեւ ՔՊ վարչության կազմի ընտրություններին:
«Հայտարարվել է, որ կան հարցեր, որոնք ճշտելու համար քննություն պետք է գնա: Հավանաբար, քննիչ հանձնաժողովն է դրանով զբաղվելու, որ թերությունները մատնանշվեն»- ասաց Աղազարյանը: