Կիևը հայտնում է 30 բնակավայրերի ազատագրման մասին
Կիևը հայտնում է 30 բնակավայրերի ազատագրման մասին
«Վերջին օրերին Խարկովի մարզում ձեռնարկած հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերին հաջողվել է շուրջ երեք տասնյակ բնակավայր ազատագրել», – այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։
«Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի տարածքից շուրջ հազար քառակուսի կիլոմետր ազատագրվել է զավթիչներից։ Որոշ ուղղություններում Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները թշնամու դիրքերում խորացել են ավելի քան 50 կիլոմետրով։
Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայրեր, որոնք ժամանակավորապես գրավվել էին Ռուսաստանի կողմից, ազատագրվել են կամ անցել են մեր վերահսկողության տակ», – հայտարարել է Շտուպունը։
Ուկրաինական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին այսօր հաջողվել է գրավել Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայր հանդիսացող Կուպյանսկ քաղաքը։
Ռուսական իշխանամետ տելեգրամ ալիքներում վերջին ժամերին հայտնված տեղեկությունների համաձայն էլ ռուսական ուժերը նահանջել են նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքից։