4 ժամ տևած հանդիպմանը՝ Պուտինն ու Էրդողանը համատեղ հայտարարություն են ընդունել
4 ժամ տևած հանդիպմանը՝ Պուտինն ու Էրդողանը համատեղ հայտարարություն են ընդունել
Սոչիում ավարտվել է ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Բանակցությունները տեւել են ավելի քան չորս ժամ։ Արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չնայած տարածաշրջանային եւ գլոբալ ներկա մարտահրավերներին՝ առաջնորդները վերահաստատել են հետագայում ռուս-թուրքական հարաբերությունները զարգացնելու իրենց ընդհանուր կամքը՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման եւ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։
Այս փոխըմբռնման շրջանակներում երկու երկրների ղեկավարները ծավալուն խորհրդակցություններ են անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի շուրջ եւ պայմանավորվել հետեւյալի շուրջ. արդարացնել հակառակ կողմի ակնկալիքները տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում, հստակ քայլեր ձեռնարկել՝ համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու պետությունների օրակարգի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առեւտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը եւ շինարարությունը:
Տարածաշրջանային հարցերի շուրջ՝ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ անկեղծ եւ վստահելի հարաբերությունների կարեւորությունը՝ տարածաշրջանային եւ միջազգային կայունության հասնելու համար։
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հացում ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ համաձայն դրա ոգուն եւ տառին՝ ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի եւ դրանց արտադրության համար հումքի անարգել արտահանումը։
Բարձրացված հարցերի թվում են եղել նաեւ Սիրիայի վերջին իրադարձությունները։ Կողմերը հաստատել են, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացների առաջխաղացմանը։
Նշվել է Սիրիայի քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը, վերահաստատվել՝ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում համատեղ եւ սերտորեն համակարգված գործելու վճռականությունը։
Հռչակվել է Լիբիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգային միասնությանը հաստատակամ հավատարմությունը։ Կողմերն ընդգծել են հնարավորինս լայն կոնսենսուսի հիման վրա ազատ, արդար եւ վստահելի ընտրությունների անցկացման կարեւորությունն ու վերահաստատել իրենց աջակցությունը Լիբիային եւ քաղաքական գործընթացին։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության մեջ։