Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. Անահիտ Ավանեսյան
Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. Անահիտ Ավանեսյան
Մեր նախարարությունը կոչվում է առողջապահության նախարարություն, հետևաբար՝ պետք է աշխատենք մարդկանց առողջությունը պահպանելու, հիվանդությունները կանխարգելելու, վաղ հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աղմուկ բարձրացրած աղի թեմային։
Հանրային սննդի կետերում սեղանին դնելու համար տնտեսվարողին տուգանելու առողջապահության նախարարության առաջարկի շուրջ բարձրացած աղմուկը նախարարը վերաձևակերպեց որպես հանրային բուռն քննարկում և նշեց, թե որն է առաջարկի նպատակը․
«Մենք պետք է վարքագծային փոփոխություններ մտցնենք, որպեսզի պահպանենք մեր առողջությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր բնակչությունն օգտագործում է կրկնակի անգամ ավել աղ, քան թույլատրվում է։ Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում։
Օրական 5 գրամ աղը բավարար է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար՝ այդ թվում յոդի ստացման։ Դրանից ավել օգտագործումը հանգեցնում է առողջական խնդիրների սրացման կամ առաջացման»,-վստահեցրեց նախարարը։
Նախարարը նշեց, որ հանրային սննդի կետերում աղի հետ կապված հարցը հանրային քննարկման է դրվել առաջարկներ ստանալու ակնկալիքով, որպեսզի հասկանան, թե մարդանց մոտ վարքաբանական փոփոխության ինչպես կարելի է հասնել։
«Առաջիկայում այդ թեմայով քննակումներ կլինեն ռեստորանային համայնքի ներկայացուցիչների, հանրային առողջության մասնագետների, սպառողների շահերի պաշտպանների հետ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։