Սյունիքում 6-ամյա երեխային վրաերթի ենթարկած տրակտորավարը վարորդական իրավունք չի ունեցել
Սյունիքում 6-ամյա երեխային վրաերթի ենթարկած տրակտորավարը վարորդական իրավունք չի ունեցել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասխան թույլտվություն և վարորդական իրավունք, սեպտեմբերի 16-ին «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, վրաերթի է ենթարկել վեցամյա աղջկան, որի հետևանքով երեխան մահացել է։
Տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ պատճառել է մարդու մահ)։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: